Այստեղ է գտնվում մեր երկրի ամենառազմավարական օբյեկտը՝ հայկական ատոմային էլեկտրակայանը, որն, ըստ էության, Հայաստանը դարձնում է միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող պետություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Մեծամորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա շատ կարեւորը հանգամանք է։ Դրանով ՀՀ ժողովուրդը ի ցույց է դրել իր գիտական, ստեղծագործական տաղանդը։
Փաշինյանը իր ելույթում նշեց, որ իրենց համար խոչընդոտներ չեն լինելու, հաղթահարելու են ամեն ինչ. «Մենք մանդատ ենք խնդրում աշխատանքը խրախուսելու համար: Մենք հենց այդ ուղղությամբ պետք է գնանք։ Մեր ամենակարեւոր խնդիրը քաղաքացուն քաջալերելն է, մեր քաղաքացին չպիտի լինի ծուռ վզով։ Ազգովի ոտքի ենք կանգնել, ուղղել ենք մեր մեջքը, շարժվում ենք ապագա։ Մենք խոչընդոտները հաղթահարելու ենք։ Կյանքը առանց խոչընդոտների հետաքրքիր չէ, եւ ես կարծում եմ՝ ով–ով, բայց ՀՀ քաղաքացին դա գիտի»,-ընդգծեց Փաշինյանը:







































