Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը, որը կասկածվում է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանն առնչվող գործու և մեղադրվում է Եմենում ռազմական հանցագործությունների մեջ, Բուենոս Այրեսում՝ G20 գագաթաժողովի ժամանակ, ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է The Guardian-ը:
Տեսագրված խոսակցության ժամանակ Էր Ռիադի արքայազնը Մակրոնին ասում է․ «Մի անհանգստացեք»։
Պետությունների ղեկավարները չգիտեին, որ իրենց զրույցը տեսագրվում է:
The Guardian-ը նշում է, որ ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի օգնականը հաղորդել է, որ երկու պետությունների ղեկավարների զրույցի հիմնական թեման Խաշոգջիի սպանությունն էր և Եմենում ռազմական հակամարտությունը:
Թերթը նշում է, որ զրույցի ընթացքում Մակրոնը հետեևյալ կերպ է պատասխանել արքայազնի ասածներին՝ «Ես անհանգստանում եմ: Ես անհանգստացած եմ… Ես Ձեզ ասել եմ»:
«Այո, Դուք ինձ ասել եք: Շատ շնորհակալություն», – պատասխանում է արքայազնը:
«Դուք երբեք չեք լսում ինձ», – պատասխանում է Մակրոնը:
«Ոչ: Իհարկե, ես Ձեզ լսում եմ», – պատասխանում է Մուհամմեդ բին Սալմանը եւ լայն ժպտում է՝ նկատելով տեսախցիկը:
«Որովհետև ես Ձեզ ասել եմ: Դա ավելի կարևոր էր Ձեզ համար»,- պատասխանում է Մակրոնը և ժպտում, տեսախցիկից շրջվելով և արքայազնի հետ առանձնանալով՝ զրույցը շարունակելու համար:
Դրանից հետո Մակրոնը անհասկանալի մի բան է ասում, ինչին արքայազնը պատասխանում է. «Ամեն ինչ լավ է: Ես կարող եմ դա լուծել»:
Ֆրանսիայի նախագահի գրասենյակում հրատարակությանը հայտնել են, որ G20-ի շրջանակներում երկու երկրների ղեկավարները 5 րոպեանոց զրույց են անցկացրել, որի ժամանակ Մակրոնը արքայազնին Խաշոգջիի մահվան, ինչպես նաև Եմենում քաղաքական իրավիճակի լուծման հետ կապված բավական կոշտ ուղերձ է հղել:









































