Ամերիկուհի Կիրա Լակոնետին մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ և ինքնուրույն վոկալ է սովորել, սակայն 19 տարեկանում նկատել է, որ դժվարություններ է ունենում երգելիս և հատկապես երաժշտություն լսելիս:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, ամերիկուհին բժշկի է դիմել, երբ սկսել է ուժեղ հոգնածություն զգալ և կմկմալ: ՄՌՏ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ուղեղի մի հատվածում բարորակ ուռուցք կա, որն էլ հազվադեպ խանգարման պատճառ է դարձել:

Աղջկա խոսքով՝ ուռուցքը հայտնաբերվել է հենց այն հատվածում, որը պատասխանատու է լսելու և երգելու կարողության համար, ինչը կարող էր ողջ կյանքում խոչընդոտել երգելուն:
Նման հիվանդություն ի հայտ է գալիս 10 մլն մարդուց մեկի մոտ: Նոպաները տեղի են ունենում միայն ձայնի որոշակի տոնայնության կամ երաժշտության տեսակի ժամանակ:

Բժիշկները, ցանկանալով չվնասել աղջկա երգելու կարողության համար պատասխանատու հատվածը, ստիպել են նրան երգել վիրահատության ժամանակ: Վիրահատությունից 48 ժամ անց նա արդեն նորից երգում և կիթառ էր նվագում իր հիվանդասենյակում: Ամերիկուհին մտադիր է բեմ վերադառնալ մոտ ապագայում:









































