Հունվարի 24-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյորին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Շնորհավորելով դեսպան Քյորին՝ Աշոտ Հովակիմյանն իր գոհունակությունն է հայտնել հայ-կանադական հարաբերությունների ներկայիս մակարդակի առնչությամբ: Ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Կանադայի նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության խորացման գործում:
Դեսպան Քյորը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ եռանդ և ուժ չի խնայի հարաբերությունների հետագա զարգացման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային հարցերին:






































