Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող երեք ուժ՝ «Լուսավոր Հայաստանը», «Մենք» դաշինքը և «Սասնա ծռերը» հանդես են գալիս արևմտամետ դիրքերից և չեն էլ թաքցնում, որ իրենք իշխանություններին քննադատելու են հենց այս դաշտում։ Ընդ որում՝ «Մենք» դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարանում նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ էր հանդես եկել, այդ կառույցից դուրս գալու անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ խոսել են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։
«Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց. «Հարցն այն չէ, որ «Սասնա ծռերն» ասում են՝ եկեք վաղը դուրս գանք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Բայց մենք ասում ենք՝ կան հարցեր, որ պետք է անպայման դրվեն։ Օրինակ՝ մենք ռազմաբազան պահելու համար գումար ենք վճարում, իսկ ամբողջ աշխարհում հակառակն է, երբ մի պետություն մեկ այլ փոքր պետության մեջ բազա է դնում՝ ինքն է գումար մուծում»։
Գրիգորյանը հավելեց. «Դուք գիտեք, որ մենք համատեղ զորախմբի պայմանագիր ունենք ու այնտեղ գրված է, որ եթե պատերազմական գործողություններ են լինում Հայաստանի դեմ, ղեկավարությունը պետք է լինի Ռուսաստանի գեներալը, ինչո՞ւ։ Ուզում եմ ասել, որ մեխը ոչ թե ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալն է լինելու սկզբում, այլ այնպես անել, որ այդ մեխանիզմները աշխատեն։ Հետո, ըստ դրա՝ մենք եզրակացություններ կանենք»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Բելառուսի հետ կապված վերջին զարգացումները ցույց են տալիս, որ «Սասնա ծռերը» ճիշտ են. «Երբ երկու, երեք, հինգ տարի առաջ խոսում էինք խնդիրների մասին՝ ասում էին՝ չէ, ամեն ինչ նորմալ է։ Ռուսաստանի հետ երկկողմ պետք է աշխատենք, բայց նայենք՝ բազմակողմը մեզ ինչ-որ բան տալի՞ս է, թե՞ ոչ։ Երկրորդը՝ անպայման արժանապատիվ հարաբերություններ պետք է ունենանք։ Նախկին իշխանությունները Ռուսաստանին սովորեցրել էին՝ ինչ բերում տալիս էին, Հայաստանը ստորագրում էր։ Դա է պատճառը, որ մենք այսօր ծանրագույն վիճակում ենք»։
Ստեփան Գրիգորյանը հավելեց՝ այս ամենի հետ կապված հստակ շեշտադրումներ են ունենալու նաև քարոզարշավի ընթացքում։ «Դա կարևորագույն բաղադրիչն է «Սասնա ծռերի» ծրագրի։ Մենք կշոշափենք սոցիալական, տնտեսական հարցերը, արցախյան հարցը, բայց սա ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Մենք չենք ասում, որ վաղը պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից, խզենք հարաբերությունները։ Խոսքն այն մասին է, որ մեր ֆրակցիան այդ հարցերը կդնի, դա օգտակար է նաև իշխանությունների համար։ Եթե վաղը Ռուսաստանը խնդիրներ ունենա մեր իշխանությունների հետ, կիմանա, որ կա «Սասնա ծռեր» խմբակցություն ու, ուզած թե չուզած, մեր կառավարության հետ ավելի հարգալից կլինեն։ Այսինքն` եթե փորձեն Նիկոլ Փաշինյանին ճնշել՝ կիմանան, որ կա ֆրակցիա, որ պատասխան կտա»,- եզրափակեց նա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության չորրորդ համարը՝ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իրենք առաջնորդվում են միայն Հայաստանի շահերով. «Եվ մենք տեսել ենք, որ նախորդ կառավարությունը որևէ կերպ չի կարողանում ապահովել Հայաստանի շահերը այդ կառույցներում՝ սկսած վարորդական իրավունքներից, վերջացրած նույն ՀԱՊԿ-ում տարբեր պետությունների պրոադրբեջանական մոտեցումները։ Մենք պետք է մեր նոր կառավարությանը մի փոքր ժամանակ տանք՝ հասկանալու, արդյոք նրանք կարողանում են այս կարգավիճակն օգտագործել ի շահ Հայաստանի»։
Գորգիսյանը հավելեց. «Եթե ոչ, ապա մենք երբեք չենք տարակուսելու Հայաստանի շահերից բխող հայտարարություններ անել ու պաշտպանել Հայաստանի շահերը։ Գիտեք, մենք վարորդական իրավունքների հարցով ու Լապշինին արտահանձնելու հետ կապված մեր հստակ դիրքորոշումը հայտնել ենք, բարձրաձայնել ենք ու պահանջել Հայաստանի շահերի պաշտպանությունը»։
Գորգիսյանն ընդգծեց. «Նոր իշխանությունները պնդում են, որ ամբողջությամբ չի օգտագործվել այն հնարավորությունները, որոնք եղել են այդ կառույցներից Հայաստանին օգուտ բերելու համար։ Մենք կտեսնենք, եթե կկարողանան՝ շատ լավ, եթե ոչ, ապա մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել Հայաստանի շահերը»։
«Մենք» դաշինքի անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց. «Մեր քարոզարշավի ընթացքում նման շեշտադրումներ լինելու են, հիմնական մասն էլ կտեսնեք մեր ծրագրերում։ Դուք գիտեք, որ և՛ «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետությունն» էլ ասել են ու հիմա էլ «Մենք» դաշինքը ասում է՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրիպումներից է եղել և դա շտկելու համար մենք պետք է քայլեր ձեռնարկենք»։
Խաչատրյանը հավելեց. «Մենք եվրոպական մոդելի երկիր ենք պատկերացնում, եվրոպական մոդելն է, որ կարող է Հայաստանը զարգացման տանել, ազատ շուկայական հարաբերություններն են, որ Հայաստանին պետք են։ Եվ դա է պատճառը, որ մեր ծրագրում հիմնաքարային է լինելու ԵՄ-ի հետ ինտենսիվ հարաբերությունների հաստատումը ու լիիրավ անդամակցությունը»։
Ըստ մեր զրուցակցի՝ 2015-ից մինչ օրս ԵԱՏՄ-ն ոչ միայն Հայաստանի, այլ անդամ մյուս պետությունների համար անարդյունավետ կառույց է եղել։







































