ՀՀ երկրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը կարծես ուրախությամբ շտապել է հայտնել, որ «Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը»:
Ինչի՞ց կարող է ուրախ լինել այդ բացառիկ մեղադրյալի փաստաբանական թիմը. Նրանից, որ իրենք չորսն են, իսկ դատավորը՝ տվյալ պահին ողջ պատասխանատվությամբ մենա՞կ… Հնարավոր է…
Այս պարագայում ի՞նչ սպասումներ պետք է ունենա հանրությունը, որը չափազանց մեծ հետաքրքրությամբ և որպես պահանջատեր հետևում է երկրի թիվ 1 դատավարությանը՝ ակնկալելով համազգային արդարադատություն գոնե տասնամյակներ անց:
Փորձենք հարցը դիտարկել երկու տեսանկյունից.
Մի կողմից Ռոբերտ Քոչարյանի իշխանապետական կենսագրությունը, իմ համոզմամբ, այնքան կեղտոտ է, որ նույնիսկ գիտակ փաստաբանների այս խումբը կդժվարանա՝ պաշտպանել. մինչ այժմ հնչեցրած նրանց հիմնավորումները՝ կալանքի և անձեռնմխելիության մասին, մեղմ ասած՝ համոզիչ չեն: Ուստի քոչարյանական թիմը հույսը, ամենայն հավանականությամբ, դրել է 2 հանգամանքի վրա՝ մանիպուլյացիաների, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների հնարավոր սխալների, բացթողումների վրա:
Ընդ որում, մանիպուլյացիաներն անհաջող են անցնում, որովհետև Քոչարյանը «դաս է առել» Ադրբեջանում և դա կիրառել Մարտի 1-ի՝ փաստացի ռազմական դրությունը կազմակերպելիս:
Վերաքննիչ քրեական դատարանում, երբ դատավոր Ա. Ազարյանը քննել է կալանքի հարցը, Ռոբերտ Քոչարյանը թշնամու փորձն է վկայակոչել. 90-ականներին Ադրբեջանում եղել է մի ապստամբ զինվորական՝ Սուրեդ Հուսեյնով: Նա որոշ հեղինակություն է ունեցել զինված ուժերում և, օգտվելով իր հեղինակությունից, միացել է այնտեղի ըմբոստներին ու զորքի մի մասը շուռ տվել այդ պահին իշխող վարչակազմի դեմ: Գյանջայից զորքն ուղղել է դեպի Բաքու, և Ադրբեջանը 100-ավոր զոհեր է ունեցել այդ մի խռովարարի գործողությունների արդյունքում՝ այդ ընթացքում կորցնելով 3 տարածք…
Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը Սուրեդ Հուսեյնովի նման սահմանների զորքը ուղղել է Երևան՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ դնելով կորցնելու վտանգի տակ: Պարզապես երկու տարբերություն կա. Քոչարյանը եղել է իշխանության գագաթին և այդ զորքն ուղղել է ոչ թե իր դեմ, այլ իր վարչակազմին սպառնացող սահմանադրական կարգի ու ժողովրդի դեմ:
Ինչ վերաբերում է երկրորդ հանգամանքին, ապա պետք է նկատել հետևյալը. Ինչու՞ է Քոչարյանի կալանքի հարցն այս անգամ մակագրվել Ռուբեն Մխիթարյանին: Մի դատավորի, ով ի տարբերություն Ալեքսանդր Ազարյանի, գոնե ինձ՝ իրավական թեմաներ լուսաբանող լրագրողիս, չի հիասթափեցրել ճակատագիր խեղող ոչ օբյեկտիվ դատական ակտերով, չի հայտնվել կոռուպցիոն սկանդալների մեջ և չի քննել մարտի 1-ի գործեր: Հավանաբար վերջին հանգամանքն է առավելապես դեր խաղացել:
Սակայն, ուսումնասիրելով վերաքննիչ քրեական դատարանի դատավորների ցանկը, կենսագրությունը, հասկանում ես, որ այստեղ լուրջ խնդիր կարող է լինել. Մարտի 1-ի գործեր չքննած դատավորները շատ քիչ են. ոմանք վերջին տարիներին են տեղափոխվել այս ատյան, և փորձառության պակասը կամ փոքրիկ անուշադրությունը կարող է վտանգել արդարադատության ողջ գործընթացը: Թեև, հանուն ճշմարտության, պետք է խոստովանեմ, որ նորանշանակների մեջ ոմանք, հաճելիորեն զարմացնում են իրենց պրոֆեսիոնալիզմով:
Այդուհանդերձ, իշխանությունը, դատական համակարգը, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի գործի ու անձի՝ թիվ 1 մեղադրյալի բացառիկությունը, և պետության պատասխանատվությունը՝ հանրության առջև և միջազգային ատյաններում, պետք է ձեռնարկի բացառիկ քայլ՝ համալրի դատարանի կազմը՝ հանրային գերակա շահը առավելագույնս պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը, երկար մտածելուց և պատասխանատվության բեռն իր վրայից գցելու համար, Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը բավարարեց մասնակի, իսկ պաշտպանների բողոքը մերժեց:
Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:








































