Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ երբ քաղաքական ուժը նշում է իր «միակը» լինելու հանգամանքը, դա ենթադրում է, որ տվյալ ուժը չի ձերբազատվել պայքարի հին մեթոդաբանությունից: «Ներկայացրեք ձեր ծրագրերը, իսկ քաղաքացիները պետք է կարողանան գնահատել՝ արդյոք այդ ծրագրերն իրատեսակա՞ն են, ու այդ կերպ շահեք քաղաքացիների վստահությունը։ Բայց դա չի նկատվում, հին իներցիան շարունակվում է նաև հիմա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի մասնակցությանն այս ընտրություններին և նշեց, որ այդ կուսակցությունը քաղաքական դաշտում ներկայացված լինելու որևէ շանս չունի. «Նախորդ ամիսների ընթացքում մենք տեսանք, որ երբ որևէ անձ առնչվում էր ՀՀԿ-ին, ոչնչացվում էր քաղաքական դաշտում, և դա շարունակական է լինելու»։
Սարո Սարոյանը խոսեց նաև այն մտահոգությունների մասին, որ իշխող ուժին սպառնում է «ՀՀՇ-ացման» վտանգ: «Իհարկե, այդ վտանգը կա։ Բայց կան նաև օբյեկտիվ պատճառներ, միայն սուբյեկտիվ պետք չէ դիտարկել։ Այն հեղափոխական հիացմունքը, որ պատել էր մեր ժողովրդին այս ամիսներին, օբյեկտիվորեն հնարավոր չէ պահել տարիներ շարունակ։ Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք հիասթափվելու են, և դա բնական է։ «Իմ քայլը» դաշինքը հետագայում էլ կարող է պառակտման առաջ կանգնել»,- նկատեց նա։
Ըստ նրա՝ օբյեկտիվ է այն մտավախությունը, որ «Իմ քայլը» դաշինքը կարող է «ՀՀՇ-ացման» ճանապարհով գնալ. «Դա շատ վատ ճանապարհ է, մենք նորից նույն ջրափոսն ենք թաթախվելու, նորից ցեխոտվենք։ Բայց ցանկացած հեղափոխություն նաև իր տրամաբանությունն ունի, հետհեղափոխական վայրիվերումներ միգուցե պետք է լինեն, որպեսզի մենք հասկանանք, թե ուր ենք հասնում»,- եզրափակեց նա։








































