Սայաթ-Նովա 10/5 հասցեում շինարարությունն ընթանում է իր ամբողջ թափով: Վերջերս Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այդ մասին ասել էր, որ ինքն ավելորդ շինարարություն չի տեսնում տարածքում, այն, ինչ արվում է, օրենքի սահմաններում է:
Մեզ հետ զրույցում բակի բնակիչներից Ալբերտ Սարգսյանն ասաց, որ Կամո Արեյանը երբևէ չի եղել իրենց բակում, ոչ էլ իրենք են երբևէ քաղաքապետարանում զրուցել նրա հետ, որտեղի՞ց կարող էր իմանալ՝ ավելորդ շինարարություն կա՞, թե՞ չկա: «Այն բարեփոխումները, ինչ արել է Կամո Արեյանը քաղաքում, այս բակին չի վերաբերում: Գուցե նրանք կարծում են, որ սա քաղաքի մեջ չէ, այստեղ կարելի է մարդկանց խաբել, իրավունքները ոտնահարել: Նա արել է այն հայտարարությունը, ինչ ձեռնտու է քաղաքապետին»,- ասաց նա:
Բակի մեկ այլ բնակիչ Հռիփսիմե Պետրոսյանն էլ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ յոթ ամիս է՝ լարված վիճակում են, ոչ քուն ունեն, ոչ հանգիստ, իրենց արևի լույսն է կտրվում շենքի շինարարությամբ, երեխաները խաղահրապարակ չունեն, բեռնատար մեքենաները չեն կարողանում բակ մտնել:
Նրան հակադարձեց «Լարկո գրուպ» ընկերության տնօրենի օգնական Կարեն Աբգարյանը՝ ասելով, որ իրենք հոժարակամ, իրենց միջոցներով շենքի հետևի հատվածում խաղահրապարակ են կառուցել, բայց բնակիչները ոչ մի բանի չեն համաձայնում:
Մանրամասները դիտեք տեսանյութում:







































