Լիխտենշտեյնի դեմ դժգույն խաղով ավարտեցինք ելույթն Ազգերի լիգայի խաղարկությունում: Խմբային փուլի վերջին երկու հանդիպումներից առաջ տեսական հնարավորություն ունեինք փլեյ-օֆ դուրս գալու, և շատերը հույսները դրել էին Մակեդոնիայի ազգային հավաքականի հնարավոր ձախողման վրա: Երեկ տեղի ունեցած հանդիպումը, սակայն, ապացուցեց, որ Հայաստանի ազգային հավաքականն ուղղակի պատրաստ չէր պայքարելու ենթախմբում առաջին հորիզոնականը գրավելու համար, և որ Ազգերի լիգայի փլեյ-օֆում մենք անելիք չունենք: Մրցաշարի ամենաթույլ D դիվիզիոնում 4 միավոր կորցրինք աշխարհի ամենաթույլ հավաքականների շարքում դասվող Ջիբրալթարից և Լիխտենշտեյնից: Բոլորիս երազանքն է մեր ազգային թիմը տեսնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Այսօր ցավով պետք է ընդունենք, որ այս հավաքականով անելիք չունենք նույնիսկ Ազգերի լիգայի C դիվիզիոնում, որտեղ վարկանիշով համեմատաբար ավելի ուժեղ հավաքականներ են:
Վերջին մրցավեճում մեր հավաքականն ավելի ակտիվ էր, ավելի շատ գոլային պահեր ուներ: Բայց ո՞ւմ դեմ էինք պայքարում: Լիխտենշտեյնում գոյություն չունի ֆուտբոլի առաջնություն կոչվածը: Լիխտենշտեյնում անցկացվում է միայն գավաթի խաղարկություն, որտեղ խաղարկվում են նաև եվրագավաթի խաղարկության ուղեգրեր: Դեռևս 1933 թվականին ձեռք բերված համաձայնության արդյունքում Լիխտենշտեյնի թիմերը ելույթ են ունենում հարևան Շվեյցարիայի տարբեր լիգաներում: Վերջին տարիներին Լիխտենշտեյնի ամենաուժեղ ու հայտնի ակումբը «Վադուցն» է, որը ելույթ է ունենում Շվեյցարիայում նշանակությամբ երկրորդ՝ Չելենջ լիգայում: Մեր մրցակից հավաքականի կորիզը կազմում են հենց «Վադուցի» և մեկ այլ թիմի՝ «Բալցերսի» ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականի հետ խաղին Լիխտենշտեյնի գլխավոր մարզչի հրապարակած կազմում գերակշռողը հենց այս ակումբների ներկայացուցիչներն էին:
Նշենք, որ Լիխտենշտեյնի հավաքականում քիչ չեն նաև կիսասիրողական մակարդակի ֆուտբոլիստները, որոնք ելույթ են ունենում Շվեյցարիայի 4-րդ և 5-րդ դիվիզիոններում: Նույն «Բալցերսը» հանդես է գալիս Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնի 6-րդ խմբում կամ իր նշանակությամբ Շվեյցարիայի 5-րդ լիգայում: Լիխտենշտեյնի հավաքականում 5 ֆուտբոլիստներ էլ ներկայացնում են իր նշանակությամբ Շվեյցարիայի 4-րդ լիգայում հանդես եկող «Էշեն Մաուրեն» թիմը: Բերված փաստերն ավելի քան խոսուն են:
Երևանում մենք մեծ դժվարությամբ կարողացանք հաղթել այս հավաքականին: Մասնավորապես, հաղթական գոլը խփեցինք, երբ Լիխտենշտեյնը 10 ֆուտբոլիստներով էր մնացել: Մտածեցինք՝ դե առաջին խաղն է, հունի մեջ կմտնենք: Այնուհետև Մակեդոնիայի հետ խայտառակ և անհասկանալի հանդիպումն էր: Ջիբրալթարից կրած պարտությունից հետո հասարակական ճնշման հետևանքով եղավ պոռթկումը՝ ջախջախեցինք Մակեդոնիային: Իսկ հետո… «Հետո»-ն տեսանք երեկ:
Ազգերի լիգայի խաղարկությունում բաց ենք թողել 8 գնդակ, որոնցից 6-ը՝ կիսապրոֆեսիոնալ հավաքականներից: Այսօր շատերը կրկին մեղադրում են հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, որոշ ֆուտբոլիստների: Գյուբլուդաղյանցը որոշակի դրական փոփոխություններ կատարել է, որոնք նկատելի էին վերջին 3 հանդիպումներում: Այդ փոփոխությունները, սակայն, տակտիկական են, որոնց պետք է հարմարվեն ֆուտբոլիստները: Երեկվա խաղում մեր հավաքականի կազմից քանի՞ ֆուտբոլիստ էր պատրաստ կամ ունակ հստակ կերպով կատարելու մարզչի առաջադրանքը: Կամո Հովհաննիսյանի բացակայության պայմաններում աջ եզրը ըստ էության խաթարվել էր, քանզի Հովհաննես Համբարձումյանը չէր կարողանում, ֆուտբոլային լեզվով ասած, առաջ-հետ խաղալ: Գևորգ Ղազարյանի խաղը կրկին այն չէր: Այո, Մխիթարյանն ու Սարգիս Ադամյանն իրենց «ճղում էին», բայց…
Այսօր հավաքականում ունենք 4-5 ֆուտբոլիստ, որոնք ունակ են եղանակ ստեղծել: Մյուս ֆուտբոլիստները լրացնում կամ փորձում են լրացնել խաղը: Սա է իրականությունը: Եթե Մխիթարյանը երեկ չխաղար, ապա ամենայն հավանականությամբ մրցակիցը վստահ հաղթանակ կտաներ: Այո, նկատելի էին նաև մարզչական որոշակի թերացումներ, բայց այս պարագայում դրանք էական չեն: Շատ են դրվագները, երբ խաղընկերներն ուղղակի չեն կարողանում արձագանքել Մխիթարյանի փոխանցումներին: Ի՞նչ անի Մխիթարյանը: «Արսենալից» գա հավաքական ու իջնի մյուս ֆուտբոլիստների մակարդակի՞ն, թե՞ միայնակ «խաբս» տա մրցակցի 5-6 խաղացողների ու գոլ խփի…
Այսօր հավաքականում ունենք ֆուտբոլիստներ, որոնք չեն սովորել ֆուտբոլային այբուբենը: Մասնավորապես, շարունակ խնդիրներ են առաջանում օդից եկած գնդակն ընդունելիս կամ ուղղակի գնդակը կասեցնելիս: Դանակը ոսկորին հասցնելու դեպքում տեղի են ունենում Մակեդոնիայի հետ երևանյան հանդիպման պես առկայծումներ: Բայց նույն Մակեդոնիայի խաղում գոլերը խփեցին «հին գվարդիայի» ներկայացուցիչները՝ Մարկոսը, Յուրան, Ղազարյանը, Մխիթարյանը: Այսինքն՝ պոռթկալու ունեակ են միայն «հին» տղերքը, որոնք որոշ ժամանակ անց արդեն չեն լինելու հավաքականում:









































