Օրերս ԱԺ-ում 2019թ բյուջեին նվիրված քննարկումների ժամանակ տնտեսության վիճակի ու հարկային օրենսդրության առումով բավականին հետաքրքիր մտքեր հնչեցին, որ, սակայն, անհրաժեշտ ուշադրության չարժանացան, քանի որ հիմա արդեն հասարակությունը տարված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով և տնտեսությանը, հարկային օրենսդրությանը և նմանատիպ հարցերին վերաբերող թեմաները առժամանակ «ընկալելի չեն»: Մինչդեռ սրանք են պայմանավորում մեր երկրի ու քաղաքացու վաղվա օրը:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար, նախկին իշխանությունների օրոք նույն նախարարության փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ի պաշտոնե հայտարարեց, այն, ինչը, թերևս, բոլորին հայտնի էր. «2016թ. ընդունված Հարկային օրենսգիրքը, որ հիմնական նպատակն էր երկրում ստեղծել կայուն և կանխատեսելի հարկային համակարգ, որը ներդրումների տեսակետից գրավիչ կդարձնի Հայաստանում բիզնեսով զբաղվելը, չի ծառայել իր նպատակին, ձախողվել է»: Որ այդ օրենքը գրեթե բոլոր դեպքերում խոչընդոտներ էր ստեղծում բիզնես միջավայրում, ականատեսն էինք բոլորս: Բայց որ պաշտոնապես կհայտարարվի ու հայտարարողը կլինի օրենքի ստեղծմանը մասնակցություն ունեցած ոչ շարքային պաշտոնյան, դա արդեն դրական միտում է: Խնդրի էությունը խորքային հասկանալու համար նոր պատասխանատուները, հատկապես բյուջետային խնդիրներից ելնելով, հարկադրված են եղել հնարավորինս խորքային վերլուծել իրավիճակն ու փորձել հասկանալ ձախողման պատճառները: Պարզ է, որ նման ծավալուն աշխատանքների իրականացումը կարճ ժամկետում հնարավոր չէր, բայց ֆինանսների նախարարության գնահատմամբ միանշանակ է, որ հազիվ «շրջանառության մեջ մտած» Հարկային օրենսգիրքը միանշանակ խոչընդոտում է բիզնեսի զարգացումը Հայաստանում, և որպեսզի երկրում ներդրումային միջավայրի պատկերը փոխվի, երկիրը գրավիչ դառնա ու Հայաստանում օտարերկրյա ներդրումներ կատարվեն, պետք է հարկային համակարգը հիմնովին բարեփոխվի:
Փաստորեն 2016թ. ընդունված օրենսգիրքը, որ Հանրապետական կուսակցության բարձր հովանու ներքո մշակվել էր հերթական վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնես հետաքրքրությունների շրջանակներում ու գրեթե առանց վերապահումների ընդունվեց հաջորդ, «կուսակցությանն ու տնտեսությանը նոր շունչ հաղորդելու եկած» Կարեն Կարապետյանի կողմից՝ և՛ այն ժամանակ, և՛ հիմա ներդրումների ու տնտեսության հեռանկարի առումով խոչընդոտող է:
Նույն տրամաբանության շրջանակներում 2019թ. բյուջեն կազմելիս փորձել են գնահատել ներդրումների և արտահանման տեսակետից հարկային համակարգի ազդեցությունը: Պարզվել է, որ վերջին մի քանի տարիներին ոչ արտահանելի ճյուղերում շահութաբերությունը մոտ 8%-ով ավելի բարձր է, քան արտահանելի ճյուղերում: Հետևում է, որ արտահանման և դրա հաշվին տնտեսական աճ ունենալու նախկին կառավարությունների ծրագրերը ոչ թե ռիսկային էին, այլ անտրամաբանական նույն հարկային համակարգի տեսակետից, որովհետև 2016թ. ընդունված հարկային օրենսդրությունը և, ընդհանրապես, հարկային համակարգը խոչընդոտում են արտահանելի ճյուղերի զարգացմանն ու սրանցում նոր ներդրումների իրականացմանը: Վիճակագրական դիտարկումներից պարզվել է նաև, որ արտահանելի ճյուղերում կատարվող ներդրումների մակարդակն էապես զիջում է ոչ արտահանելի ճյուղերում կատարվողներին: Հետևաբար նվազել են թե՛ ներդրումներն ընդհանուր առմամբ և թե՛ օտարերկրյա ուղղակի ներդրումները: Քաղաքական, կլանային գործոնները մի կողմից, փաստորեն նաև նման հարկային օրենսդրությունը դերակատարություն ունեցավ, որ պարոն Կարապետյանի շրջապատի ռուսաստանաբնակ բիզնեսմենները պարոն Կարապետյանի «ակտիվ հորդորներից» հետո անգամ չցանկացան Հայաստանում ներդրումներ կատարել:
Ու մինչ ՀՀԿ ակտիվիստները աղմկում են, թե երկրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալները նվազել են, ավելի ճիշտ կլիներ, որ դիտարկեին ֆինանսների նախարարության իրենց նախկին ու ներկա գործընկերների ուսումնասիրությունները և նախընտրական պայքարի օրերին Նիկոլ Փաշինյանին «քլնգելիս» չմոռանային պարզաբանումներ տալ նաև այս ուղղությամբ, ո՞րն էր նման Հարկային օրենսգիրք ընդունելու նպատակը և ո՞ւմ շահերին էր ծառայելու այն: Որևէ մեկն այնքան միամիտ չէ, որ չհասկանա, որ այդ օրենքը մշակողները կամ վերջին տարիներին բյուջեներ գրողները չեն ուսումնասիրել ու հասկացել, որ ոչ արտահանելի ճյուղերում շահութաբերությունն ավելի բարձր է, քան արտահանելի ճյուղերում, հետևաբար և այդ պայմաններում արտահանումը զարգանալ չէր կարող, ներդրումների մեծ հոսք սպասելի չէր 2 միլիոնանոց շուկայում: Մինչդեռ ՀՀԿ-ական իշխանությունները շարունակ խոսում էին ներդրումներ բերելու, արտահանումների ծավալներն ավելացնելու մասին: Հանուն ինչի՞ էին խաբում, ո՞րն էր նպատակը:









































