Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի հետ իներցիայով փորձում են հարաբերվել այնպես, ինչպես նախկինում, ինչպե փոքր երկրի, փոքր ժողովրդի հետ: Այդպես այլևս չի լինելու, Հայաստանն այլևս թույլ չի տա այդպիսի վերաբերմունք և հարաբերություն՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում՝ խոսելով ՀԱՊԿ-ի շուրջը ստեղծված իրավիճակի և մասնավորապես Բելառուսի հետ իրադրության մասին:
Այդ իրավիճակը բավականին ուշագրավ արտացոլում է գտել Հայաստանի ներքաղաքական դաշտում, և մի շարք ուժեր հայտնվել են հետաքրքիր վիճակում: ՀՀԿ վարքագիծը այստեղ ամենից ավելի պարզն է: Մի կողմից՝ այն իրավիճակը, որ կա այժմ, ՀՀԿ-ի՝ տարիներ շարունակ վարած քաղաքականության կամ, ավելի շուտ, վարքագծի ու բնույթի հետևանք է, մյուս կողմից էլ՝ այդ բնույթից ելնելով ՀՀԿ-ն ներկայումս փորձում է իրավիճակը ներկայացնել իբրև նոր իշխանության ձախողում: Իրականում ներկայիս իրավիճակը արձանագրում է ՀՀԿ ձախողումը, որը փորձ է անում շտկել նոր իշխանությունը:
Առավել հետաքրքիր իրավիճակում է հայտնվել, այսպես ասած, երկրորդ ուժի հավակնություն ունեցող ԲՀԿ-ն: Այդ կուսակցությունը հավակնում է լինել խորհրդարանի երկրորդ ուժ և ընդհանրապես ներկայացնում է նոր հայաստանյան քաղաքական համակարգում էլ առանցքային դերակատար և իշխանության այլընտրանք կամ ընդդիմություն լինելու հայտ: Մինչդեռ իշխանություն և քաղաքականություն ասվածը ներսի և դրսի հարաբերությունների ու հարցերի ամբողջությունն է, և նախընտրական շրջանում ՀԱՊԿ-ի շուրջը ստեղծված վիճակը փաստորեն քննություն դարձավ ԲՀԿ-ի համար և, գոնե առայժմ, տապալված քննություն:
Առնվազն երկրորդի հավակնություն ունեցող ուժը մինչ այժմ լռում է մի հարցի մասին, որը վերաբերում է Հայաստանի անվտանգությանն ու արտաքին քաղաքական մի շարք կարևոր շերտերի և կարևոր հարցերում առանցքային վերափոխումների մի գործընթացի: Եվ այստեղ առավել ևս ուշագրավ է դառնում հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որն ըստ էության զբաղված է այլևս Հայաստանի շահերի ու անվտանգության դեմ բաց աշխատանքով, ԲՀԿ նախագահ՝ առնվազն երկրորդը հավակնող քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերն է:
Հիշենք, որ Ծառուկյանի հրավերով էր Լուկաշենկոն տարիներ առաջ ժամանել Հայաստան նրա եկեղեցու բացմանը, ինչը հատկանշական էր նաև այն իմաստով, որ այդ արարողությանը մեկտեղվել էր Հայաստանի, այսպես ասած, ամբողջ իշխանական և ոչ իշխանական շրջանակը, կամ այլ կերպ ասած՝ Լուկաշենկոյի բարձր հրավիրվածության շվաքի ներքո մեկտեղվել էր հայաստանյան համակարգը, մինչև անգամ նախորդ տասնամյակում Սերժ Սարգսյանի հետ մեկ տեղում լինելուց խուսափող Ռոբերտ Քոչարյանը: Սա ըստ էության տողատակում ի ցույց է դնում նաև այն որոշակի կոմունիկացիոն նշանակությունը, որ Լուկաշենկոն ունեցել է հայաստանյան նախորդ համակարգի շրջանակում, ինչը ներկայումս ՀԱՊԿ-ի շուրջը ստեղծված իրավիճակին տալիս է նաև ևս մեկ շերտ ու առանձնահատուկ բնույթ:
Նոյեմբերի 19-ին լրագրողները ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին ուղղել են այդ կապակցությամբ հարց, ինչի պատասխանի, մեղմ ասած, ընդհանրականությունն ու տարածվածությունը հուշում է, որ ԲՀԿ-ն կա՛մ չունի ստեղծված իրավիճակի վերաբերյալ մշակված կոնկրետ դիրքորոշում, կա՛մ դիրքորոշման բացակայությունը հուշում է, այսպես ասած, իրական դիրքորոշման առկայության մասին, որն արտահայտելը չի լինի, այսպես ասած, հանրային արձագանքի տեսանկյունից շահեկան, ինչի մասին վկայում են ՀՀԿ հայտարարությունների արձագանքները:
Այդ իմաստով, սակայն, ստացվում է, որ առնվազն աղմկոտ այս հարցի համատեքստում ԲՀԿ-ի դե ֆակտո դիրքորոշումը գոնե առայժմ համահունչ է ՀՀԿ-ի հետ, և ստացվում է, որ Լուկաշենկոն, ինչպես տարիներ առաջ՝ եկեղեցում, դարձյալ մեկտեղեց ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:







































