«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1999թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը։
– Պարոն Աբգարյան, Հայաստանը կրկին խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում։ Ցանկացած ընտրություն ունեցել է արտաքին քաղաքական ներգրավվածություն։ Այս անգամ, ըստ Ձեզ, կա՞ այդպիսի միտում։
– Դժբախտաբար, հայաստանյան համապետական ընտրություններում երբեք չի նկատվում դրա բացակայությունը, ինչպես և հայ հասարակության կյանքում: Կեղծ «իրապաշտությունը» խեղել է մեր հասարակական միտքը, առևտրի ապրանք դարձրել մեր ազգային ու պետական շահերը: Մենք մեր մեջ ուժ չենք գտնում խուսափելու այդպիսի մշտական դարձած երևույթից, ինքներս ենք վազում Մոսկվա՝ հայցելով ռուսական աջակցություն: Դրա արտահայտությունն առաջիկա ընտրություններում արդեն նկատվում է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ներկա գործունեության մեջ:
– Վարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ Արմավիրում հայտարարել էր, թե խորհրդարանական ընտրությունները լինելու են զերծ արտաքին միջամտությունից։ Առնվազն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն մշտապես աչքի են ընկել դրսից «տղա բերելու» իրենց պատրաստակամությամբ։ Ի՞նչ մարտահրավերներ են մեզ սպասվում առաջիկա ընտրություններին։
– Տա Աստված, բայց իրականությունն այլ է: Ի դեպ, ինձ չափազանց զարմացնում են վարչապետի պաշտոնակատարի այդ կարգի կտրուկ գնահատականները: Օրինակ՝ «մեր երկրում արդեն վերացել է կոռուպցիան», «մեր երկրում այլևս օլիգարխներ չկան», «մեր երկրում մենաշնորհ չկա» և այլն: Դեռ շուտ չէ՞ այդպիսի գնահատականներ տալու համար: Ձեր նշած դեպքում ևս առկա է ցանկությունը, բայց ո՛չ իրականությունը: Հենց այս օրերին հայտնվում են ռուսամոլ գործիչներ, որոնք հեռուստատեսային էկրաններից կոչ են անում կուսակցություններին իրենց ծրագրերից հանել ռուսական ազդեցության անթույլատրելիության մասին դրույթները:
Մարտահրավերները բազմաթիվ են և բազմազան: Նշենք դրանցից միայն մի քանիսը.
ա) ի՞նչ է նշանակում իրավական գնահատականի չարժանացած այն հայտարարությունը, թե ռուսահայ ինչ-որ համայնք ՔՊ-ի ընտրարշավի համար հավաքել է 2,5 մլն ռուբլի: Իհարկե, ղարաբաղյան կլանի վրայով վերակարված «Կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4րդ կետը սողանցք է սահմանել այդպիսի նվիրատվություններ ստանալու համար, որտեղ ասվում է, որ նվիրատվությունը չի թույլատրվում «օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է». այսինքն՝ ՌԴ-ում հավաքված գումարը եթե չի գերազանցում հայաստանյան իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի 30 տոկոսը, կարող է փոխանցվել վերջինիս ազատորեն: Օրենքը հնարավորություն է ընձեռում նաև օտար երկրից ստանալ այնպիսի գումար, որը գերազանցում է հայաստանյան իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի 30 տոկոսը: Ոչինչ չի խանգարում այդպիսի գումարը մասերի բաժանել և նույն հասցեով Հայաստան ուղարկել օտարերկրյա տարբեր իրավաբանական անձանց միջոցով: Ինչևէ, քաղաքական բարոյականությունը թելադրում է ՔՊ-ին մերժել այդպիսի նվիրատվությունը, իսկ մոտ ապագայում փակել այդ սողանցքը:
բ) Տարբեր միջոցներով գործի կդրվի այն հսկայական գումարը, որ մինչև հեղափոխությունը հավաքվել էր ղարաբաղյան կլանի և նրա տեղական լաքեյների ձեռքերում: Այստեղ ՔՊ-ի իշխանությունը զգոնություն պետք է ցուցաբերի և կարողանա շտապ հայտնաբերել դրա դրսևորումները ու աղբյուրները և չեզոքացնել դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա:
գ) ՔՊ-ի քարոզչության գլխավոր թիրախը պետք է լինի հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող բնակչությունը, որն ավելի է հակված տնայնական փոխհարաբերություններին և փողի գայթակղությանը:
դ) ՔՊ-ն պետք է այսօրվանից ձեռնպահ մնա այնպիսի հայտարարություններից, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսանում և այլն, և այլն…
– Խորհրդարանի նոր կազմի առնվազն մեկ երրորդը պետք է լինի ընդդիմությունից, իսկ այդ տեղին հավակնող քաղաքական ուժերից լոգիստիկ, ֆինանսական, մեդիա ռեսուրսներով առանձնանում են հենց ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն։ Ի՞նչ է պետք անել, որ հինգերորդ շարասյունի դեր ստանձնելու պատրաստակամություն ունեցող այդ ուժերի ազդեցությունը հնարավորինս չեզոքացվի։
– Կարծում եմ՝ առավել արդյունավետ նախընտրական պայքարը ՔՊ-ի համար կարող է լինել ջանքերի հիմնական ուղղորդումը ընտրություններին մասնակից հին ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի դեմ: Վստահաբար կարելի է պնդել, որ միայն այս ուժերն են ի վիճակի լինելու լուրջ պայքար մղել ՔՊ-ի դեմ, քանի որ գործնական, ֆինանսական և քարոզչական առումով սրանք ունեն համեմատաբար մեծ փորձ և կարողություններ: Պետք է որ ՔՊ-ում հասկանան, որ իրադրությունը զգալիորեն փոխվել է հեղափոխությանը հաջորդող ամիսներից հետո:
– «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, ներկայացրել է մի ցուցակ, որտեղ զգալի է անփորձ և առանց պատրաստվածության թեկնածուների տեսակարար կշիռը։ Կա՞ արդյոք վտանգ, որ այդ ցուցակում հայտնված անձինք անհրաժեշտ որակների բացակայության պայմաններում կարող են արտաքին կառավարման, օտար ազդեցության տակ հայտնվել։
– Չեմ բացառում: Միաժամանակ անհրաժեշտ է խոսել իրական վտանգների մասին: Այն իրավիճակը, որ ստեղծվել է ՔՊ-ի իշխանավարման ընթացքում՝ կապված նրա իրականացրած քաղաքականության հետ, մեղմ ասած, խիստ մտահոգիչ է: Դրա հետևանքներն են՝
ա) արտաքին քաղաքական լղոզված, անսկզբունք և իրարամերժ իրողությունները, ՌԴ-ի հետ վասալական փոխհարաբերությունների յուրօրինակ խորացումը,
բ) իրական ռազմաքաղաքական իրադրության գիտակցման բացակայությունը,
գ) տնտեսական լճացման արտահայտությունները,
դ) սոցիալական ակնկալիքների նախանշանների ուշացումը,
ե) հրատապ խնդիրների լուծումների ձգձգումը,
զ) կադրային քաղաքականության կոպիտ սխալները, երբ նախապատվությունը տրվում է միայն յուրայիններին ու ժողովրդի կողմից մերժված ուժերի ներկայացուցիչներին,
է) արտառոց օրինախախտումները, երբ պետական հսկայական միջոցները յուրացրած անձինք անպատիժ են մնում «դրամական փոխհատուցմամբ»,
ը) աննկատ մնացող տարաբնույթ սաբոտաժները,
ժ) նախկին իշխանության ներկայացուցիչների հակահեղափոխական վերակազմավորման համար ժամանակ ու գործելու հնարավորություններ ընձեռելը և այլն, և այլն:
– Առաջիկա ընտրությունները, շատերի կանխատեսմամբ, աչքի են ընկնելու գաղափարական պայքարի բացակայությամբ։ Կկարողանա՞ արդյոք նոր խորհրդարանը լիարժեք կատարել իր գործառույթները ստեղծված իրավիճակում։
– Հարցը ոչ այնքան գաղափարական, որքան գաղափարների փոխհամաձայնվածության և համակարգվածության բացակայության մասին է: Սերն ու համերաշխությունը օբյեկտիվորեն կարող են լինել միմիայն տասնյակ տարիներով իշխող ագահ, դավաճան և բիրտ ու սոպռ կեղեքողների հանդեպ համաժողովրդական հակակրանքի արտահայտչական ձև: Բայց դրանից անմիջապես հետո եկող կառուցողական փուլում դրանք նշանակալից դեր չեն կարող ունենալ հասարակական մշտահոլով հարաբերությունների հորձանուտում:









































