Որոշ ԶԼՄ-ների և էլեկտրոնային կայքերի կողմից հետևողականորեն և նպատակային կերպով շարունակվում են ստահոդ տեղեկություններ տարածվել Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի մասին: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը՝ անդրադառնալով վերջինիս որդու՝ Սամվել Բալասանյանի տան վրա հարձակման լուրին:
«Տեղեկատվական ագրեսիայի շարունակական այս դրսևորումները կոնկրետ նպատակ ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով արատավորել Վարդան Ղուկասյանի անունը, վարկաբեկել նրա ընտանիքը:
Երեկ երեկոյան համացանցում տարածված տեսաձայնագրություններում ակնհայտորեն երևում է, որ Սպարտակ Ղուկասյանը որևէ կապ ու առնչություն չունի Բալասանյանի տան մոտ երթևեկող մեքենաների հետ:
Տեսաձայնագրություններում հստակ երևում է, որ նշված տարածքում չկա ոչ մի գործող անձ, առավել ևս՝ հարձակվողներ, սպառնացողներ, կրակողներ և հայհոյողներ: Դեռ ավելին, ակնհայտ երևում է, որ ինչ-որ մեքենաներ ընդամենը անցնում են նշված փողոցով:
Ստացվում է, որ փողոցային սովորական ավտոերթևեկությունը ոմանց վախն է առաջացրել: Բոլորին խորհուրդ ենք տալիս դիտել այդ տեսաձայնագրությունը և փորձել գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին: Թե ով և ինչու է փորձում այս ամենը կապել Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, այժմ պարզ է դառնում:
Մենք հայտարարում ենք, որ հետևողականորեն բացահայտելու ենք և հրապարակայնորեն մերկացնելու ենք սուտ, կեղծ լուրեր շրջանառողներին և նրանց պատվիրատուներին: Բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ենք մեզ նման ոտնձգություններից և ոտնձգողներից»:







































