Օրերս Աֆղանստանում ահաբեկչական գործողության զոհ է դարձել 29-ամյա ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդրոս Պետերսենը:
Ինչպես հաղորդում է The Daily Beast-ի վաշինգտոնյան ծառայությունը, հունվարի 17-ին՝ Աֆղանստան ժամանելուց 5 օր անց, նա ահաբեկչական հարձակման զոհ է դարձել Քաբուլի ռեստորաններից մեկում:
Ալեքսանդրոս Պետերսենը ծնվել է Ֆիլադելֆիայում 1984թ. տնտեսագետների ընտանիքում: Ի դեպ, նրա հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանդեպ ծագել է դեռևս վաղ տարիքում, քանի որ նրա ծնողները շատ են ճանապարհորդել տարածաշրջանում: Փորձագետը բարձրագույն կրթություն էր ստացել Լոնդոնի և Վաշինգտոնի լավագույն ուսումնական հաստատություններում:
Ալեքսանդրոս Պետերսենը հեռանկարային վերլուծաբան էր, գիտնական ու գրող, իր երիտասարդ հասակում՝ տարբեր երկրների կառավարությունների խորհրդական, աշխարհաքաղաքականության մասնավոր կազմակերպությունների, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Ռուսաստանի և էներգետիկ անվտանգության փորձագետ: Նրա հեղինակած «Աշխարհը՝ կղզի: Եվրասիական աշխարհաքաղաքականությունն ու Արևմուտքի ճակատագիրը» գիրքը բավականին բարձր վարկանիշ էր ձեռք բերել վերջին տարիներին տարածաշրջանային փորձագետների կողմից: Վերջին մի քանի տարիների ընթացքում նա եղել է նաև chinaincentralasia.com կայքի համախմբագիրը:
Ի դեպ, հայկական մամուլում «Առաջին լրատվական» կայքն էր մշտական կապի մեջ փորձագետի հետ: Նա հաճույքով աշխատում էր մեզ հետ և բավականին դրամատիկ էր ընդունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը և հուսով էր, որ Հայաստանը կհրաժարվի այդ որոշումից: Վերջին համատեղ աշխատանքը եղել է 2013թ. նոյեմբեր ամսին:







































