Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Մելքումյանի գործի դատավարությունը:
20-ամյա Արմեն Մելքումյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ծառայել է մարտկոցի դասակում՝ որպես կուրսանտ:
2013 թվականի հունիսի 1-ին, նշանակված լինելով զորամասի ներքին պահակախմբում՝ որպես հերթափոխի պահակային, ժամը 19-ին Մելքումյանը կարգվել է որպես ժամապահ:
2 ժամ անց նույն պահակախմբի պահակադիր, նույնպես կուրսանտ Սիփան Մովսիսյանի կողմից հերթափոխը կատարելուց հետո, պահակայիններին պահակատուն ուղեկցելու ժամանակ զորամասի ավտոհավաքակայանի մուտքի մոտ, ընթրելու համար ավելի արագ պահակատուն գնալու հարցի շուրջ Մելքումյանը վիճել է Մովսիսյանի հետ: Հնչել են հայհոյանքներ:
Ըստ մեղադրանքի՝ Ս. Մովսիսյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Արմեն Մելքումյանը իրեն ամրակցված ինքնաձիգը լիցքավորել է, փողն ուղղել Մովսիսյանի կրծքավանդակին, պահել մոտ 20 սմ հեռավորության վրա, սեղմել ձգանը, կրակել ու սպանել նրան:
Մելքումյանը նույն օրը ձերբակալվել է:
Արմեն Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Արմեն Մելքումյանն իրեն մասնակի է մեղավոր ճանաչել՝ պնդելով, թե Մովսիսյանին սպանելու դիտավորությամբ չի կրակել, այլ՝ անզգուշաբար կրակոց է արձակվել:
Դատարանում Մելքումյանը հայտնել է, թե Սիփանին անձամբ չի կրակել, կրակոցը տեղի է ունեցել Սիփանի կողմից ինքնաձիգի սվին-դանակը քաշքշելու արդյունքում: Հնարավոր է, որ այդ ժամանակ իր մատը դիպած լինի ձգանին:
Դատարանի հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալն ասել է, թե տուժող Սիփանը ծառայության մեջ միշտ պարտաճանաչ է եղել: Նա բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել:
Սիփանի առաջարկով դեպքի պահին կատակել են, որ ծառայակից Արշակին վախեցնեն: Սիփանն ինքնաձիգի սվին-դանակից քաշել է, որ վիճաբանությանը արժանահավատ տեսք տա: Այդ նույն նպատակի համար էլ ինքը արել է «Կկրակեմ» արտահայտությունը:
Սիփանին սպանելու պատճառ ինքը չի ունեցել, դա պատահաբար է եղել, պատահական է սեղմել լիցքավորված և Սիփան Մովսիսյանի կրծքավանդակին ուղղված ինքնաձիգի ձգանը:
Ինքը Սիփանին «ֆրից» կամ «Լութո» չի անվանել: Առաջինը նշանակել է ֆաշիստ, իսկ երկրորդը ասել են՝ Սիփանին նմանեցնելով իրենց ինստիտուտի զուգարանի խցանումը բացող մարդուն: Ինքը Սիփանին միայն կատակով ասել է, որ նա հաց կերած է, իրենից ուժեղ ու իրեն կծեծի:
Վկա, նույն դասակի կուրսանտ Արշակ Պողոսյանը Արմեն Մելքումյանին բնութագրել է որպես խելացի, նորմալ ծառայողի, իսկ Սիփան Մովսիսյանին անվանել է «ոսկի անձնավորություն»՝ կանոնադրությանը համապատասխան ծառայող:
Վկան հայտնել է, թե Սիփանի ու Արմենի միջև վիճաբանություն է ծագել պահակակետը ժամանակից շուտ լքելու հետ կապված: Վիճաբանությունը գնալով թեժացել է: Ըստ վկայի՝ Արմենի ու Սիփանի հեռավորությունը միմյանցից եղել է 7-8 քայլ: Արմենը տեղում վայրկյանների ընթացքում զենքն արագ լիցքավորել է՝ զարիժատ է արել, ասել է՝ կկրակեմ: Սիփանը հայհոյել է չկրակողի հասցեին: Դրանից հետո կրակոց է հնչել, Սիփանն ընկել է գետնին ու ասել է՝ վախ, մամա ջան:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Արմեն Մելքումյանի կողմից Սիփան Մովսիսյանին սպանելու դիտավորության մասին է վկայում այն, որ վիճաբանության ու փոխադարձ հայհոյանքների ընթացքում Մելքումյանն իր մոտ եղած ինքնաձիգը տեղում բերել է մարտական վիճակի, հանել է ապահովիչից, մատը դրել ձգանի վրա, ինքնաձիգն ուղղել Սիփան Մովսիսյանի կրծքավանդակի կենսական կարևոր օրգանների ուղղությամբ, կրակելուց առաջ սպառնացել է Սիփանին, որ կրակելու է և, չթեքելով ինքնաձիգի ուղղությունը, կրակել է հենց Սիփանի կրծքավանդակին:
Ինքնաձիգը եղել է սարքին վիճակում:
Մելքումյանը տեղյակ է եղել ինքնաձիգի տակտիկատեխնիկական հնարավորություններին և անվտանգության ապահովման կանոններին: Հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել, որ վիճաբանության ժամանակ Սիփանը քաշել է Մելքումյանի ինքնաձիգի սվին-դանակից: Վերջինիս նկարագրած պայմաններում սվին-դանակից քաշելու արդյունքում ինքնաձիգից կրակելու դեպքում պետք է վնասվածք առաջանար Սիփանի ձեռքերին, սակայն նման բան չի եղել:
Ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Մելքումյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար և դատապարտել 11 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունիսի 2-ից:









































