ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն այս տարի Ղազախստանի տարածքում կանցկացնեն համալիր զորավարժություններ: Այս մասին այսօր ITAR-TASS-ում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Նախատեսվում են ևս մի քանի զորավարժություններ և հակաթմրամիջոցային օպերացիաներ: Հատուկ նշանակության ջոկատները կիրականացնեն ուսումնա-մարտական հանձնարարություններ: Մենք այժմ համաձայնեցնում ենք այդ զորավարժությունների անցկացման վայրն ու ժամանակը: Ես Ձեզ ավելի հստակ ասել չեմ կարող, քանի որ այդ հարցերը գտնվում են դիտարկման գործընթացում»,- ասել է նա:
Նշենք, որ ՀԱՊԿ երկրերի միջև համագործակցության շրջանակում 2013-ին անցկացվել են 6 խոշոր միջազգային զորավարժություններ, որոնցում գործադրվել են ՀԱՊԿ զինված ուժերի բոլոր տեսակները:









































