Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը շահագործման է հանձնվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) և Իրանի միջև սահմանային Արաքս գետի վրա կառուցված կամուրջը։
Կամրջի բացման արարողակարգին ներկա են գտնվել Ադրբեջանի և Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
250 մետր երկարություն ունեցող կամուրջն արժեցել է 4 միլիոն դոլար։ Այն կդյուրացնի ՆԻՀ-ի և Իրանի միջև բեռների և ուղևորների փոխադրումը։
Բացի այդ, կողմերը ձեռնամուխ են եղել Արաքս գետի ջրօգտագործման նախագծի առաջին փուլի իրագործմանը։ Դա հնարավորություն կընձեռի ոռոգել 2000 հեկտար գյուղատնտեսական տարածք և ստեղծել մոտ 1500 նոր աշխատատեղեր։
Հիշեցնենք, որ 1992 թվականի մայիսին էլ Արաքս գետի վրա շահագործման էր հանձնվել Թուրքիայի և ՆԻՀ-ի միջև կառուցված Hasret (թարգմանաբար` կարոտ) կամուրջը, որն ադրբեջանցիներն անվանում են նաև «Հույսի կամուրջ»։
Մոտ մեկ տարի տևած և 2 միլիոն դոլար արժեցած այդ կամրջի բացման արարողության ժամանակ Թուրքիայի տվյալ ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարել էր, որ այս կամրջի բացմամբ վերջ տրվեց 70-ամյա կարոտին, և Թուրքիան ու Նախիջևանը «գրկախառնվեցին»։








































