Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարել է, որ ընթացիկ տարվանից կմեկնարկի համայնքների խոշորացման ծրագիրը: Առայժմ կիրականացվի պիլոտային ծրագիր: Իշխանությունը համայնքների խոշորացման ծրագրի նպատակ է հռչակել համայնքների համաչափ զարգացումը: Այդ խնդիրը Հայաստանում իսկապես առկա է և չափազանց լուրջ ծավալներով:
Հայաստանում կյանքը գերկենտրոնացած է Երևանում, հետո մասնակի կենտրոնացած է Երևանին մոտ գտնվող բնակավայրերում, հետո` ավելի հեռու քաղաքներում, իսկ դրանից այն կողմ` գյուղական համայնքներում, կյանք, ըստ էության, չկա, զարգացում չկա, ներդրումներ և սոցիալ-տնտեսական ակտիվություն չկա, մշակութային կյանք չկա, և այլ էլի շատ ու շատ չկաներ: Այնպես որ, համայնքների համաչափ զարգացման խնդիրը իսկապես հրատապ է և պահանջում է լուծումներ: Ավելին` այդ լուծումներն ակնհայտորեն ուշացած են, ինչի արդյունքում մենք շատ հեռավոր գյուղերում ունենք ուղղակի աղետալի իրավիճակ: Կլուծի՞ այդ հարցը համայնքների խոշորացման ծրագիրը: Դժվար է ասել:
Տեսականում Հայաստանում շատ լավ ծրագրեր են քննարկվում և հաստատվում, սակայն երբ գալիս է դրանց գործնական կիրառման ժամանակը, հանկարծ պարզվում է, որ այդ նոր ծրագրերը և հայեցակարգերը Հայաստանի քաղաքացիներին նոր սոցիալական բեռ են ավելացնում, դժվարացնում են դրանց գործունեությունն այս կամ այն բնագավառում, կյանքն ավելի հարմար ու բարեկեցիկ դարձնելու փոխարեն` էլ ավելի են բարդացնում այն և խթանում արտագաղթը: Կամ էլ` լավ նպատակների տակ դրվում են վատ ծրագրեր, անտեղի ծրագրեր, առկա վիճակին ոչ համարժեք ծրագրեր, երբ ծրագիրը ինքնին լավն է, սակայն հարմար չէ կիրառման` նկատի ունենալով ներկայիս ինչ-ինչ հանգամանքներ:
Օրինակ` կենսաթոշակային կուտակային համակարգի ռեֆորմը կարծեք թե անհրաժեշտ է, կարծեք թե ունի բավական երաշխիքներ, որ գումարները չեն կորչի, սակայն սոցիալական ծանր պայմաններում գտնվող պետության համար այն, այսպես ասած, ճոխ ռեֆորմ է և քաղաքացիներից ուղղակի գումար է խլում, երբ մարդիկ ապրում են ամեն հազար դրամը հաշվելով:
Եվ ուրեմն` ի՞նչ էֆեկտ է ունենալու համայնքների խոշորացման ծրագիրը, որ կմեկնարկի ընթացիկ տարում: Դժվար է ինչ-որ բան ասել, սակայն մի բան կարծեք թե պարզ է, որ խոշորացումը հարց չի լուծելու, քանի դեռ լուծված չեն մի քանի հիմնարար հարցեր: Առաջին հերթին երկրում օրինականության, սահմանադրականության, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերը: Երկրորդը՝ տնտեսական ազատությունների և մրցակցային տնտեսության հարցերը, որոնց լուծման դեպքում հնարավոր է կիրառել տնտեսական այնպիսի քաղաքականություն, երբ հեռավոր համայնքներում, լեռնային շրջաններում ներդրումները կարող են վայելել զգալի տնտեսական արտոնություններ:
Խոշորացնելով համայնքները` ըստ էության լուծվելու են մի քանի սոցիալական խնդիրներ, սակայն ենթակառուցվածքային հարցերը, Հայաստանի բնակչության և ռեսուրսների ապակենտրոնացման հարցերը շարունակելու են մնալ, քանի որ միևնույն է` հեռավոր բնակավայրերը շարունակելու են ներդրողների համար մնալ անհրապույր: Սրան զուգահեռ, իհարկե, առաջանում է կոռուպցիայի լրացուցիչ ռիսկ: Համայնքների խոշորացումը ենթադրում է ՏԻՄ համակարգի ներկայացուցչականության նվազեցում: Այսինքն` ռեսուրսներն, ըստ էության, պահպանվում են նույն քանակությամբ, իսկ ահա կառավարման հարցում նվազում է ներկայացուցչականությունը: Իսկ որքան քիչ է ներկայացուցչականությունը, այնքան բարձր է կոռուպցիայի ռիսկը:
Իսկ ի՞նչ է նշանակում տվյալ դեպքում կոռուպցիա: Կոռուպցիա նշանակում է այն, որ համայնքային ունեցվածքը ևս կարող է, այսպես ասած, խոշորացվել, բայց արդեն մոնոպոլացման իմաստով: Այսինքն` ներկայումս մարդիկ, որոնք խոշոր սեփականություն ունեն համայնքներում, համայնքների խոշորացման արդյունքում կարող են իրենց սեփականության ծավալները մեծացնելու լավ հնարավորություն ստանալ, և ըստ էության` ստանալ նաև համայնքներում, այսպես ասած, ոչ պաշտոնական ավելի մեծ իշխանություն՝ ըստ իրենց սեփականության ծավալների: Երբ երկրում չկան սահմանադրական կառավարման ավանդույթներ ու մեխանիզմներ, նման հեռանկարներն, ըստ էության, ամենահավանականն են դառնում:
Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, մեծ տարածում ունի, այսպես ասած, տեղական իշխանիկների կամ բդեշխների «ինստիտուտը», և այդ պայմաններում համայնքային խոշորացումը ընդամենը միտված է լինելու տեղական իշխանիկների կամ բդեշխների, կամ ֆեոդալների դե ֆակտո կառավարման համար արդյունավետ պայմաններ ստեղծելուն, որ ընտրակեղծարարական գործընթացների համար այլևս քիչ չարչարվեն և քիչ լինեն նաև կազուսներն ու ճաքերը:
Ընդհանրապես, հակասահմանադրական կառավարման տիրույթում որևէ ռեֆորմ, որը միտված չէ նախևառաջ կառավարման սահմանադրականության հաստատմանը, ավելի շատ նոր մարտահրավեր է ներկայացնում հասարակության համար, քան կյանքի թեթևացման և բարելավման հնարավորություն: Հայաստանում մինչև այսօր իրականացված բոլոր ռեֆորմները, թեկուզ ամենաազնիվ մղումներով և ամենաբարի նպատակներով, վկայում են հենց դրա մասին:









































