The Foreign Policy ամերիկյան պարբերականի հոդվածագիր Քոլամ Լինչի կարծիքով՝ «Ժնև-2» խաղաղ համաժողովի մասնակիցները հետապնդում են տարբեր նպատակներ, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել համաժողովի հաջող ավարտը: Մինչ սիրիական իշխանությունները կարծում են, որ միջազգային հանրության գլխավոր խնդիրը պետք է դառնա ծայրահեղականների դեմ համատեղ պայքարը, Արևմուտքը մտադիր է քննարկել Սիրիայի ներքին իրավիճակը:
Չնայած այն բանին, որ սիրիական իշխանություններն առաջինն արձագանքեցին Պան Գի Մունի հրավերին, այնուհանդերձ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ երկրի կառավարությունն այլևս չի աջակցում ՄԱԿ-ի ծրագրին, որը ենթադրում է Սիրիայում իրականացնել քաղաքական փոխակերպումներ:
Նա կարծում է, որ միջազգային հանրության գլխավոր խնդիրը պետք է դառնա ջիհադիստների դիմակայությունը, ովքեր ձգտում են Մերձավոր Արևելքում ստեղծել մեծ իսլամական պետություն:
Ինչպես գրում է լրագրողը՝ ԱՄՆ-ը և այլ արևմտյան տերություններ երկրի ապագայի համար մեծ սպառնալիք են համարում նրա նախագահին, ով մտադիր չէ կատարել ընդդիմության գլխավոր պահանջը՝ հրաժարական տալ: Հենց հայացքների տարբերություններն առ այն, թե ինչ է անհրաժեշտ երկրում խաղաղություն հաստատելու համար՝ նախագահի հեռացո՞ւմ, թե՞ պայքար գրոհայինների դեմ, կդառնա համաժողովի հաջող ավարտի գլխավոր խոչընդոտը՝ եզրափակում է Քոլամ Լինչը:










































