Դամասկոսում «երախտապարտ են Ռուսաստանին Սիրիայի ներքին գործերին օտարերկրյա միջամտությունը կանխելու համար»: Այս մասին երեկ հայտարարել է իշխող ԲԱԱՍ կուսակցության անդամ Յասեր Հուրիյան: Ռուս-սիրիական բարեկամության կազմակերպության նախագահ Հուրիյան երեկ բանակցություններ է վարել ռուսաստանյան պատվիրակության հետ, որը գլխավորել է Սիրիայում ԽՍՀՄ նախկին դեսպան Ալեքսանդր Ձասոխովը: պատվիրակությանն ընդունել է նաև երկրի խորհրդարանի նախագահ Մահմուդ Աբրաշը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ինչպես նշել է Հուրիյան, Սիրիան «պատրաստվում է շարժվել բարեփոխումների ճանապարհով, որոնք կբավարարեն քաղաքացիների պահանջները, կմեծացնեն ժողովրդավարական ազատությունները և երկիրը կհանեն զարգացման նոր փուլ»: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արդեն մի քանի շաբաթ է՝ հնարավոր չի լինում Սիրիայի հարցով բանաձև ընդունել, որով կդատապարտվեին Սիրիայի իշխանությունների գործողություններն ընդդեմ խաղաղ ցուցարարների:
Ռուսաստանը, որն արգելափակում է այդ բանաձևի ընդունումը, հայտարարում է, որ պարզ չէ, թե ովքեր են դիմակայում Սիրիայի իշխանություններին, և ինչպիսի գնահատական պետք է տալ երկրում գործող ռեժիմին: Ավելին, շաբաթ օրը Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մաքդադը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ իրենք պայքարում են կրոնական ծայրահեղականների, այլ ոչ թե խաղաղ բնակչության դեմ:









































