ՀԱՊԿ մամուլի խոսնակը հայտարարել է, թե տեղեկություն չունի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման կապակցությամբ: Այդպիսի տեղեկություն հայտնվել էր ռուսական մամուլում. «Կոմերսանտ»-ն էր գրել այդ մասին: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկում սպասվում է նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք Վեհաժողովում:
Գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը՝ հայտնի զարգացումների արդյունքում: Սակայն Հայաստանի քվոտան դեռ ունի ժամանակ մինչև 2020 թվականը: Հայաստանն ի պատասխան «Կոմերսանտ»-ի՝ անանուն, սակայն պաշտոնական լրատվամիջոցով տեղեկություն էր տարածել, որ Խաչատուրովի փոխարեն առաջադրվելու է Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախկին նախարար: Պաշտոնական մակարդակում Հայաստանի ԱԳՆ խոսնակը ասել էր, որ Երևանի համար առաջնահերթ է քարտուղարության գործունեության արդյունավետությունը: Հայաստանի կամ այլ ներկայացուցչի մասին հարցը մնացել էր բաց:
Ակնառու է, որ այդ տեսանկյունից կա անորոշություն կամ ընթացք, որը թույլ չի տալիս խոսել որևէ հավանական որոշման մասին: Սակայն նկատելի է, որ առնվազն դիտարկվում է երկու տարբերակն էլ, և չի բացառվում թե այն, որ Երևանը կպահի դիրքը, չի բացառվում և հակառակը:
Այստեղ անշուշտ պետք է հարց տալ, թե ընդհանրապես Հայաստանն ի՞նչ է շահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի քվոտան ստանձնելով: Գործնականում ոչինչ: Ավելին, այդ հանգամանքը անուղղակիորեն, բայց թափանցիկ տողատակով տարբեր հայտարարություններով անգամ նախկին իշխանությունն էր հաստատում, երբ դեռևս իշխանություն էր: Օրինակ՝ հիշարժան է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքը այն մասին, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀԱՊԿ պաշտոնյա է, ՀԱՊԿ, ոչ թե Հայաստանի քաղաքականությունն առաջ տանող:
Եվ սա նաև տրամաբանական է, ըստ էության: Որովհետև կապ չունի, թե որ երկրի ներկայացուցիչն է, օրինակ, ԵՄ հանձնաժողովի նախագահը կամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ըստ այդմ՝ այստեղ հարցն այն է, թե Հայաստանն ինքն ինչքանով է կարող արդյունավետ քաղաքականություն վարել ՀԱՊԿ-ում և հետապնդել իր շահը, ըստ այդմ՝ կազմակերպությանը պահել կամ, ավելի շուտ, բերել դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարման դաշտ:
Ահա այս համատեքստում Հայաստանի համար առաջնային խնդիրը այն չէ, թե ով է գլխավոր քարտուղար, այլ այն, թե ով է Հայաստանում իշխանություն, այսինքն՝ ինչպիսին է այդ իշխանությունը, դրա հանրային լեգիտիմությունը և ըստ այդմ՝ ուժը, խոսքի կշիռն ու ամրությունը: Ահա այս տեսանկյունից Հայաստանի նոր իշխանության համար խնդիրը իհարկե շատ ավելի լայն դաշտում է, և գլխավոր քարտուղարի հարցը պետք է դիտարկել այդ համատեքստում:
Իհարկե, հասկանալի է, որ քվոտան չպահելու դեպքում Նիկոլ Փաշինյանը արժանանալու է քննադատության՝ իբրև արտաքին քաղաքական ձախողման վկայություն: Մյուս կողմից՝ անշուշտ Փաշինյանի առաջ առկա լայն համատեքստում այդ քննադատությունը շատ մանր հարց է, և ըստ այդմ՝ գլխավոր քարտուղարի քվոտայի պահպանման խնդիրը ունի իր գինը, և Հայաստանի նոր իշխանությունը այն պետք է դիտարկի տվյալ համատեքստում՝ քվոտան պահելը կնպաստի՞ ՀԱՊԿ առաջ առավել լայն ռազմաքաղաքական վարքագծի վերանայման հարցադրում անելուն, որն իհարկե մեկանգամյա ակտի հարց չէ, այլ տևական աշխատանք պահանջող գործընթաց, թե՞ Հայաստանը, պահպանելով քվոտան, որոշակիորեն կկորցնի ավելի լայն հարցեր դնելու հնարավորությունը: Իհարկե, թե՛ մեկը, թե՛ մյուսը կլինի լավագույն տարբերակը, սակայն գործնականում գլխավոր քարտուղարությունը Հայաստանի համար ինչպես որևէ մեծ ձեռքբերում չէր, այդպես էլ մեծ կորուստ չէ: Խնդիրը գործընթացի արդյունավետության տիրույթում է:











































