«Ես չեմ կարծում, որ Բոլթոնի այցը Հայաստան այդքան վատն էր և մտահոգությունների տեղիք է տալիս։ Եթե մենք ոչինչ չենք անում, ապա դրսում անձրև էլ գա, մեզ համար վատ է»,-այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված «Օղակնե՞ր, թե՞ փրկօղակներ Հարավային Կովկասի համար. նոր մարտահրավերներին ընդառաջ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, տարածաշրջանային անվտանգության փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
«Իհարկե, մարտահրավերները կան, բայց կան նաև հնարավորություններ։ Նախ, պարոն Բոլթոնը գալով Երևան՝ ասաց նույնը, ինչ ասել էր Բաքվում, որ արցախյան հարցի կարգավորման հետ կապված ոչ մի նոր բան իր հետ չի բերել։ Երկրորդ՝ նշեց, որ այս հարցը եթե հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ»,- ընդգծեց փորձագետը։











































