Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթնաժողովը, որի օրակարգում Սիրիայի հակամարտության կարգավորումն էր: Ղեկավարները համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ կստեղծվի հատուկ կոմիտե, որի օրակարգում կլինի Սիրիայի ապագա Սահմանադրությունը կազմելը, ինչը, ըստ քառյակի, կստեղծի հիմք Սիրիայում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Անդրադառնալով տեղի ունեցած գագաթնաժողովին, ինչպես նաև վերջինիս յուրատեսակ ձևաչափին՝ մեր զրուցակիցն առանձնացրեց մի քանի հանգամանք: «Առաջինը՝ այս ձևաչափը բավականին անսովոր է, ըստ էության առաջին անգամ է այս ձևաչափն իրականություն դառնում: Պետք է նաև ընդգծել այն հանգամանքը, որ սկզբնական շրջանում պլանավորվում էր երեք երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպում, վերջին պահին ավելացավ Ֆրանսիան: Կարելի է ենթադրել, որ դա տեղի ունեցավ Մակրոնի խնդրանքով, որն այս կերպ փորձում է բարձրացնել իր ցածր վարկանիշը երկրի ներսում»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ բավական քիչ ինֆորմացիա է տարածվել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ամենակարևոր հանգամանքը թերևս այն է, որ գագաթնաժողովին մասնակցած չորս երկրների ղեկավարները տարբեր խնդիրներ են հետապնդում: Օրինակ՝ Գերմանիայում վերջին շրջանում բավականին լուրջ քննադատության է ենթարկվում Անգելա Մերկելի կառավարության քաղաքականությունը, ինչի հետևանքով շատ մեծ թվով փախստականներ են հաստատվել այստեղ: Ուստի Գերմանիայի համար հիմա առաջնային խնդիր է ազատվել այդ փախստականների մի մասից՝ նրանց հետ ուղարկելով Սիրիա: Սաֆրաստյանի խոսքով՝ Գերմանիան ցանկանում է նաև ստանալ Թուրքիայի բարյացակամ վերաբերմունքը, չնայած վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները բավական սրված են, քանի որ փախստականների վերադարձը պետք է տեղի ունենա Թուրքիայի տարածքով:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, Սաֆրաստյանն ասաց, որ այս դեպքում պաշտոնական Փարիզը կոնկրետ խնդիր չի լուծում: Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ Առաջին աշխարհամարտից հետո Սիրիան գտնվել է Ֆրանսիայի հովանավորության ներքո և բավական մեծ հեղինակություն է ունեցել այստեղ: Ուստի Ֆրանսիան՝ ի դեմս Մակրոնի, փորձում է որոշ չափով ուժեղացնել իր հեղինակությունը Մերձավոր Արևելքում: «Ռուսաստանի և Թուրքիայի հանգամանքն ավելի հասկանալի է: Ուղղակի այստեղ մեկ խնդիր կա. կողմերը մի կողմ դրեցին այն գործընթացը, որ մեկնարկել էր Աստանայում, չհրավիրեցին Իրանին մասնակցելու այս հանդիպմանը»,- փաստեց Սաֆրաստյանը և Իրանի չմասնակցելու հանգամանքը մեկնաբանեց այն ճնշումներով, որոնք Միացյալ Նահանգները կիրառում է ընդդեմ Իրանի:
Սաֆրաստյանի կարծիքով՝ եթե Իրանը և Միացյալ Նահանգները դառնան այս ձևաչափի մի մասը, ապա այն հետագայում ավելի հաջող գործելու հնարավորություն կունենա, որին պետք է հաջորդի Սիրիայի կառավարության, իշխանությունների ներկայացուցիչների ներգրավումը, ինչն արդեն ապագայի խնդիր է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:





































