Պետական ապարատում օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսվել։ Նախօրեին մենք գրել էինք միայն ֆինանսների նախարարությունից 150 հոգու կրճատման մասին, սակայն գործընթացը վերաբերում է ամբողջ ապարատին։ Կառավարությունում ներկայումս անգամ խոսք է գնում նախարարությունների կրճատման, միավորման մասին։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձևավորվելիք կառավարությունում նախարարությունների թիվը, թերևս, կկրճատվի։
«Առանց պետական աշխատատեղերի կրճատման հնարավոր չէ առաջ գնալ։ Սա կենսական անհրաժեշտություն է։ Պետական համակարգն ուռճացված է, ստեղծված են մի շարք «կեղծ», անգործունակ ինստիտուտներ»,- նախօրեին լրատվամիջոցներից մեկի հետ նման կարծիք էր հայտնել վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը։ Վերջինս լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում նաև քաղծառայողների համակարգում։ «Մի իրավիճակ է ստեղծվել, երբ պետական ծառայողների միջին շերտը օրենքով ամրագրել է իր կենսունակությունը և հիմա այդ միջին շերտին անգամ նախարարները չեն կարողանում փոփոխել։ Եթե մենք չկարողանանք էական փոփոխություններ իրականացնել, մոտ 100 հազար մարդ հանել պետական համակարգից և դարձնել որակյալ, աշխատանքին տիրապետող մարդիկ, մենք զարգանալու հնարավորություն չենք ունենա։ Մենք պետք է կարողանանք պետական համակարգը մաքրել, դարձնել արդյունավետ, ճկուն փոքր համակարգ, որը կծառայի իր նպատակին։ Ցանկացած գործառույթ, որը հնարավոր է պատվիրակել մասնավոր հատվածին, պետք է պատվիրակել։ Իսկ իրականում հնարավոր է ամեն ինչ պատվիրակել մասնավոր հատվածին, իսկ պետությանը պետք է մնան միայն անվտանգության, կայունության և վերահսկողության հետ կապված որոշակի գործիքներ»,- ասել է Կարապետյանը։
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ևս անհրաժեշտություն է համարում ուռճացված պետական համակարգի կրճատումը։ «Այո, 2019 թվականի բյուջեն արդեն կարելի է զգուշավոր կազմել, որպեսզի ուռճացվածության ռիսկը բացառվի։ Կառավարությունում բոլոր փոխնախարարներն ունեն խորհրդականներ, օգնականներ, աշխատակազմի ղեկավար, որոնք էլ իրենց հերթին ունեն վարորդ, օգնական։ Կոմիտեների ղեկավարները ունեն 3-4 տեղակալ, 5-4 խորհրդական-օգնական։ Լիքը մարդ է լցված տարբեր տեսչական մարմիններում, հիմնադրամներում։ Այս ամենը ժառանգություն է նախորդ ժամանակներից։ Եվ եթե մենք դիտարկում ենք հիմնական պետական ապարատը որպես ծառայություններ մատուցող, ապա որակը էականորեն ընկնում է, քանի որ ուռճացված համակարգը թույլ չի տալիս իրական հարկային բարեփոխումներ կատարել, քանի որ իրենք միշտ վտանգ են դիտարկում բյուջեի ապահովումը, իսկ բյուջեն ընդունելուց հետո արդեն պատրաստ չեն լինում լուրջ ռեֆորմների՝ պատճառաբանությամբ, որ եթե հարկերը նվազեցվեն, ապա պետական բյուջեն հնարավոր չի լինի ապահովել մուտքերով, և այդքան մարդու պահել չի լինի։ Դրա համար կրճատումները հիմա պետք է անել, և պետական բյուջեն հաստատել արտահերթ ընտրություններից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մակարյանը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ մի շարք նախարարություններում կան վարչություններ, որտեղ 8-10 աշխատողից միայն 2-3 են հիմնական աշխատող, իսկ մնացածները համարյա գործ չեն անում կամ կիսատ գործեր են անում․ «Սաղ նախորդների բարեկամներն ու ծանոթներն են»։ Այսինքն՝ շատ հանգիստ կարելի է կրճատումների գնալ։ Մակարյանի համար 100 հազար պետական աշխատողի կրճատումը իրատեսական չէ 150-200 հազար աշխատողների պարագայում։ Դա պետական ծառայողների 50 տոկոսն է, սակայն 50 հազար պետական աշխատողի կրճատումը Մակարյանը իրատեսական է համարում։
Բացի դրանից՝ մեր զրուցակցի խոսքերով, կարևոր է նաև հարցը, որ պետական ապարատից կրճատվածներին մասնավոր սեկտորը չի կարող միանգամից ընդունել, թիվը մեծ է։ «Մասնավոր սեկտորը չի կարող այդքանին միանգամից վերցնել։ Կրճատումները պետք է աստիճանական լինեն։ Բայց լուծումներից մեկն էլ կարող է լինել ծառայությունների մի մասը մասնավոր սեկտորին պատվիրակելը, որոնք որ կարող են նույն ծառայությունը ավելի էժան ու ավելի արագ կատարել։ Այս դեպքում կարելի է կրկնակի խնայել՝ համ պետական ապարատը կրճատել, համ էլ ծառայություններն ավելի էժան ստանալ։ Այս մոդելների մեջ կարելի է ընտրության գնալ»,- ասաց Մակարյանը։
Մեր զրուցակիցը համակարծիք է, որ այս հարցում կա նաև սոցիալական ֆոն, կարող են դժգոհություններ լինել, բայց այսօր այնպիսի վիճակ է ստեղծվել, որ առանց դրան նայելու պետք է գնալ ռադիկալ լուծումների։
Անդրադառնալով նախարարությունների կրճատումներին՝ գործատուների միության նախագահը կարծում է, որ միավորումը չպետք է լինի ֆիզիկական, կրճատումը, միավորումը պետք է լինի ֆունկցիաներից ելնելով։ «Միավորվելուց հետո տրամաբանական ֆունկցիաներ պետք է մնան նախարարություններին։ Ավելորդ, իրար կրկնող վարչությունները պետք է կրճատվեն, կամ ֆունկցիոնալ նույն նախարարությունները։ Պետք է մի լավ ուսումնասիրել պետական կառույցների բրգաձև կառուցվածքը և գնալ կրճատումների»,- նկատեց Մակարյանը՝ հավելելով, որ շատ ողջունելի կլինի, որ կրճատումները հասնեն նաև մարզեր, քանի որ նույն ուռճացված ապարատը ունեն քաղաքապետարանները, մարզպետարանները, որոնք հաճույքով նստած են 60 տոկոս դոտացիայի վրա, 120-180 աշխատող ունեն, և ընդհանրապես հասկանալի չէ, թե մի քաղաքապետարանին ինչին է պետք այդքան աշխատողը։ «Ավելի լավ է կրճատել այդ աշխատակազմը, որից կնվազի նաև պետական բյուջեից տրվող դոտացիան։ Սա լուծում է»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։







































