Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցը, նկատեց. «Իզուր տեղը չէ, որ նրան ասում են «բազե», ես ասում եմ՝ բազեի թևերով Միացյալ Նահանգները մտավ Կովկաս։ Նա հայտնի է որպես կոշտ բանակցող, չհամաձայնող իր գործընկերների հետ։ Նույնիսկ ասում են՝ եթե Բայդենն առաջարկող էր, Բոլթոնը պահանջող է»։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ հայտարարություններին և նկատեց. «Դա կայծակ էր անամպ երկնքում, որովհետև հակասում է ամերիկյան քաղաքականության սկզբունքներին, որ հակամարտող երկրներին զենք չի տրվում։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը իր տակ շատ լուրջ հեռանկարային, առարկայական բան չի պարունակում․ նախ, զինանոցը փոխելը արագ ու հեշտ չի լինում։ Լավ, ենթադրենք՝ Ադրբեջանը գործընկերներ ունի այլ երկրներում, բայց մեր զենքի ճնշող մեծամասնությունը Ռուսաստանից է։
Չեմ խոսում հարցի քաղաքական կողմի մասին, թե Ռուսաստանը դրան ինչպես կարձագանքի»։
Նավասարդյանի խոսքերով՝ մեր արտաքին գործերի նախարար Մնացականյանը այժմ պետք է զանգահարի Լավրովին ու ասի. «Քո թուրք-ադրբեջանական լոբբինգին, որն աշխատում է Հայաստանի դեմ ու արտահայտություններ անում՝ «а куда они денутся», իրենց պետք է ասել՝ մենք չենք հեռանա, բայց մեզ անկյուն մի քշեք։ Ես ոչ թե ասում եմ նրա համար, որ մենք հեռանանք մեր ռազմավարական դաշնակցից, բայց նման բաների վրա պետք է ուշադրություն դարձնենք»։
Դիվանագետը նշում է՝ զենքերի քանակը չի որոշելու ղարաբաղյան խնդրի ելքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։







































