2014թ. սկզբից Իրանում մահապատժի է ենթարկվել ընդհանուր առմամբ 40 մարդ, ընդ որում՝ նրանցից առնվազն 33-ը` վերջին շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպությունը:
«Միայն այս ամսվա ընթացքում Իրանում իրականացրած մահապատիժների թվի կտրուկ աճը խիստ անհանգստություն է առաջացնում: Իրանի իշխանությունների` իրենց միջազգային իմիջը փոխելու փորձերն անարդյունք են, եթե դրա հետ մեկտեղ շարունակում է աճել մահապատիժների թիվը»,- հայտարարել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Amnesty International-ի տնօրենի տեղակալ Հասիբ Հաջ Սահրաուին:
Նա ընդգծել է, որ Իրանի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն մահապատիժը չեղյալ հայտարարելու համար, որը ոչ մի առանձնահատուկ զսպող ազդեցություն չի թողնում հանցագործությունների վրա:
Կազմակերպությունը կոչ է անում մահապատիժը փոխարինել ավելի մեղմ պատժով: Իրանում մահապատժի ենթարկվածների մեծ մասը մեղավոր են ճանաչվել ենթադրյալ հանցագործություններում` կապված թմրանյութերի հետ:
«Իրանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունները քննվում են Հեղափոխական դատարանի կողմից, որոնք սովորաբար չեն համապատասխանում արդար դատական քննության միջազգային չափանիշներին: Իրականությունն այնպիսին է, որ Իրանում մարդկանց առանց որևէ խղճահարության դատապարտում են մահապատժի անարդար դատական գործընթացի հետևանքով, և դա անթույլատրելի է»,- ասել է Հաջ Սահրաուին:








































