Երևանում այսօր հանրահավաք է, որը սպասվում է մեծ հետաքրքրությամբ: Հանրահավաքն անցկացնում են ԴԵՄ ԵՄ շարժման ներկայացուցիչները, որոնք մասնակցության հրավեր են ուղղել նաև քաղաքական ուժերին, այդ թվում` խորհրդարանական ընդդիմության չորս խմբակցություններին: Հանրահավաքը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ գործընթացի մաս է, և ըստ էության, այս հանրահավաքն ամենայն հավանականությամբ լինելու է այդ հարցում բեկումնային: Եթե հանրահավաքը հաջողվի, ապա կարելի է ենթադրել, որ տեղի կունենա կառավարության դիրքորոշման բեկում, և իշխանությունները ստիպված կլինեն հաշվի նստել հասարակական բողոքի հետ: Եթե ոչ, ապա սա լրացուցիչ ինքնավստահություն կհաղորդի իշխանություններին, և նրանք էլ ավելի կկոշտացնեն իրենց անզիջում կեցվածքը բարեփոխման հետաձգման հարցում:
Այս հանրահավաքը տեղի է ունենում ներիշխանական հարաբերությունների պարզաբանման, այսպես ասած, ակտիվ փուլի ֆոնին: Կասկած չկա, որ կլինեն բազմակողմանի փորձեր հանրահավաքն օգտագործել նաև այս նպատակների համար, մանիպուլյացիայի ենթարկել հանրահավաքը և այսպես ասած` մի զարկով երկու նապաստակ խփել: Սակայն այսօր կարծեք թե մի բան պարզ է: Քաղաքական դաշտում լճացում է, ճահիճ, քաղաքական ուժերը ակնհայտորեն ստվերային գործարքների մեջ են կամ իշխանությունների հետ, կամ էլ պարզապես կառավարվում են Հայաստանի բոլոր իրավունքները վերցրած Ռուսաստանի թելերով:
Այս իրավիճակը առաջացրել է ճահիճ, որին կուլ է գնում Հայաստանը: Եվ այս ճահճում քաղաքացիական բեկումը դարձել է կենսական անհրաժեշտություն: Թող որ այդ բեկումը տեղի ունենա թեկուզ մեկ կոնկրետ խնդրով՝ կենսաթոշակային բարեփոխմամբ: Բայց այդ բեկումն անհրաժեշտ է, անհրաժեշտ է առաջին հերթին հենց քաղաքացիների, նրանց հոգեբանության համար, անհրաժեշտ է քաղաքացու մոտ վերստին այն գիտակցությունը արթնացնելու համար, որ ոչինչ էլ կանխորոշված և դերերը բաշխված չեն, որ իշխանական համակարգը և արտաքին հովանավորները կարող են բաշխել բոլորի դերերը, սակայն ոչ Հայաստանի քաղաքացունը: Հայաստանի քաղաքացու դեպքում խոսքը չի կարող լինել դերի մասին՝ միայն տեր լինելու մասին:
Քաղաքացիական հաղթանակները, թեկուզ լոկալ բնույթի, կարևոր են հանրության մոտ տեր լինելու հնարավորության հանդեպ հավատը վերստին արթնացնելու համար: Այս հավատը, վստահությունը դանդաղ է արթնանում: Եղել են մի քանի հաջողություններ, սակայն միևնույն ժամանակ նկատելի են եղել նաև այս հաջողությունները ոչ միայն իշխանական դաշտից ստվերելու փորձեր, այլ նաև հենց ընդդիմադիր ճամբարներից` սեփական ընդդիմադիր դիրքերի կորստի վախով պայմանավորված, իսկ միգուցե նաև զանազան ներքաղաքական գործարքներով պայմանավորված: Սակայն այլ ճանապարհ չկա, քայլ առ քայլ, հաջողություն առ հաջողություն Հայաստանի քաղաքացիները պետք է գան սեփական ուժերի հանդեպ կայուն վստահության ձևավորման և առավել մեծ խնդիրների ու նպատակների ձևակերպման ու հետապնդման գիտակցությանը: Եվ այսօրվա հանրահավաքը այս հանգրվանում ունի չափազանց կարևոր նշանակություն: Այս հանրահավաքը նույնիսկ ձմեռվա համար ունի կարևոր նշանակություն, քանի որ դրա ստացվելու դեպքում, կասկած չկա, որ ձմեռային ցուրտը զգալիորեն նահանջելու է:
Խնդիրը, ի վերջո, առավել քան պարզ է՝ Հայաստանի քաղաքացիները չպետք է վճարեն այն բանի համար, որ մի խումբ մարդիկ երկիրը հասցրել են աղքատության և սնանկության եզրին: Հարցը դա է՝ ով է համաձայն վարկավորել պետական թալանը, նա հանրահավաքին անելիք չունի: Ով համաձայն չէ, նա ունի Հայաստանի ապագայի համար իր 5 տոկոս քաղաքացիականությունը ներդնելու հնարավորություն: Եթե ամեն քաղաքացի ներդնի քաղաքացիականության թեկուզ հենց այդ չափաբաժինը, Հայաստանում շատ բան կլինի բոլորովին այլ ձևով:










































