Հնդկաստանի իրավաբանական հեղինակավոր համալսարաններից մեկում դասախոսները իրավունքի նոր կուրս են ստեղծել, որը հիմնված է Հարի Փոթերի մասին գրքերի վրա։ Այս մասին հաղորդում է BW Businessworld–ը։
Պարբերականի տեղեկությունների համաձայն, կուրսի շրջանակներում կհետազոտվի իրավաբանության և գրականության միջև կապը։ Կուրսը հենց այդ անվանումն էլ ստացել է. «Գրականության և իրավաբանության միջև կապը. առանձնահատուկ հայացք Ռոուլինգի փոթերապատմանը»։

Դասախոսներն ուսանողների հետ միասին վերլուծելու են փոթերապատման մեջ օրենքի դերը և զուգահեռներ են անցկացնելու գրքում ծավալվող իրադարձությունների և իրական իրավիճակների միջև։ Վերլուծության մեջ նաև հաշվի են առնվելու երկրում գործող օրենքները։
Կուրսի որոշ թեմաներ նվիրված են Հնդկաստանի քաղաքացիների դասակարգային և սոցիալական իրավունքներին։

Փորձնական կուրսի հեղինակը պրոֆեսոր Շոուվիկ Կումար Գուհան է։ Նա հայտարարել է, որ այդպիսով որոշել է ուսանողներին դրդել ստեղծագործական մտածողության։







































