Ջոնա Մենդեզը, որն առաջ զբաղվել է Կենտրոնական հետախուզական վարչության գործակալների արտաքինի փոփոխմամբ պատմել է, թե ինչ դիմակավորում են օգտագործում լրտեսները։ Նրա հարցազրույցը հրապարակվել է Wired պարբերականի YouTube-ի ալիքում։
Նրա խոսքերով՝ հաճախ միայն կեղծամը, ակնոցը կամ դեմքի մազածածկույթը բավարար է լինում, սակայն որոշ դեպքերում լիակատար կերպարանափոխում է պահանջվում, ընդ որում, դիմակավորումը պետք է երկարատև լինի և աննկատ նույնիսկ մոտիկից շփման դեպքում։ Նման դեպքերում հատուկ դիմակներն են օգնում։
Մենդեզը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ արված լուսանկարներ է ցույց տվել, որին ինքը ներկա է եղել նման դիմակով։ Ջորջ Բուշ կրտսերը նրան շատ մոտ է նստած եղել և ոչինչ չի նկատել։ ԿՀՎ–ում դիմակներից բացի պլաստիկ գրիմ են օգտագործում, որը փոխում է այտոսկրերի, ճակատի և քթի ձևը։
Մենդեզի խոսքերով՝ կարևոր է ոչ միայն արտաքինը, այլև վարքը։ Ամերիկացուն կարող է մատնել այն, թե ինչպես է նա օգտագործում դանակն ու պատառաքաղը, ինչպես է բռնում ծխախոտը և ինչպես է իրեն պահում, երբ կանգնած է։ Քայլվածքը հեշտությամբ կարելի է փոխել, կոշիկի մեջ քար դնելով կամ ծունկը կապելով,– ասում է Մենդեզը։








































