Օլիմպիական ձմեռային խաղերի նախաշեմին Մոսկվան խստացրել է սոցիալական ցանցերի վերահսկողությունը երկրում և արգելափակում է քննադատական գրառումները՝ հաղորդում է Deutsche Welle-ը:
Օրենքը, որը Ռուսաստանում ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից, Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ ռուսական իշխանություններին հնարավորություն է ընձեռում արգելափակելու ոչ միայն ծայրահեղական նյութեր կամ մանկական պոռնոգրաֆիա պարունակող կայքերը, այլ նաև սոցիալական ցանցերը, որոնք կոչ են անում մասնակցել զանգվածային միջոցառումներին:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանն աստիճանաբար ընդլայնել է վերահսկողությունը համացանցում՝ 2012թ. նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրվելուց հետո: Մասնավորապես, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում նախընտրական քարոզարշավը ուղեկցվել է ցույցերով և ցույցերին մասնակցելու կոչերով, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում:
Այն բանից հետո, երբ Պուտինը վերադարձավ Կրեմլ, նոր կառավարությունը սկսեց անհապաղ խստացնել վերահսկողությունը համացանցում, իսկ համացանցային կայքերի արգելափակման մասին օրինագծի առաջին տարբերակը լույս տեսավ Պուտինի վերընտրվելուց երկու ամիս հետո՝ նշվում է հոդվածում:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2013թ. Ռուսաստանը 148-րդ հորիզոնականն է զբաղեցրել մամուլի ազատության վարկանիշում, որն ամեն տարի կազմում է «Լրագրողներ առանց սահմանների» ասոցիացիան:










































