168.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանում սոցիալական մեդիայի կիրառման նախընտրությունների փոփոխություններ են նկատվում: Մասնավորապես, վերջին ամիսներին նկատելի է, օրինակ, Odnoklassniki-ի հայաստանյան օգտատերերի թվի կտրուկ աճը:
Ըստ տվյալ սոցցանցերի պաշտոնական տվյալների, որոնք հրապարակել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը` եթե, օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին Odnoklassniki-ի շաբաթական ակտիվ օգտատերերի քանակը կազմում էր 835 հազար, ապա 2014թ. հունվարին այդ նույն սոցցանցի շաբաթական ակտիվ օգտատերերի քանակը կազմում է 911 հազար:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում Facebook-ի օգտատերերի ակտիվություն ևս նկատելի է, թեև՝ ոչ Odnoklassniki-ի նման: Տարբեր սոցցանցերից հայաստանյան օգտվողների նախընտրությունների և շաբաթական ակտիվության վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ` հետևելով 2013 թվականի դեկտեմբերի և հունվարի տվյալներին: 168.am-ը փորձեց փորձագետից տեղեկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված Odnoklassniki-ի օգտվողների թվի նման աճը: Մեզ հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Odnoklassniki-ի օգտվողների աճը, իր կարծիքով, պայմանավորված է, մասնավորապես, Հայաստանի մարզերում ինտերնետի աճով, քանի որ պրովայդերների միջև մարզերում ուժեղ մրցակցություն է սկսվել: «Կարծում եմ՝ մարզերում ինտերնետի ներթափանցումն է շատացել` Ucom-ը, Rostelecom-ը ևս մտել են մարզեր, այդ ամենը դրա հետ է կապված»,- ասել է Ս. Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են հայ օգտվողները նախընտրում ոչ Facebook-ը, այլ մեծամասամբ՝ Odnoklassniki-ն, այն դեպքում, երբ Facebook-ը ևս կարելի է ռուսերեն և հայերեն լեզուներով օգտագործել, այսինքն` լեզվի խնդիր չի կարող առաջանալ, Ս. Մարտիրոսյանը պատասխանել է. «Ուղղակի Odnoklassniki-ն ավելի վաղ է մտել շուկա և, օրինակ, Ռուսաստանում ակտիվ չի Facebook-ը, դրա համար, իսկ Ռուսաստանի հայերը, ովքեր կապ ունեն այստեղի հայերի հետ, ավելի շատ Odnoklassniki-ում են լինում, դրա համար էլ, այսպես ասած, այդ մարդկանց սեգմենտը քաշում է այն»:
Ամբողջական հոդվածը՝ 168.am-ում:







































