Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկնում անկանխատեսելի հայտարարություններով, որոնք միանշանակ չեն ընկալվում անգամ հեղափոխության երդվյալ պաշտպանների կողմից։ Վարչապետն, օրինակ, մեղմ ասած, չկարողացավ հիմնավորել, թե ինչու էր պետք հատկապես Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Հիմնավորումները մի տեսակ ստանդարտ են ու պակաս համոզիչ։
Նույն շարքին է դասվում նաև Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանում օլիգարխներ չկան։ Նա այդ կարծիքը հնչեցրեց, երբ կանգնած էր Գագիկ Ծառուկյանի կողքին, ու շատերը դա ընկալեցին՝ որպես քարտ-բլանշ ԲՀԿ առաջնորդին, թեև նույնքան ճիշտ է նաև այն վարկածը, որ Փաշինյանը Ծառուկյանին ակնարկում էր, թե վերջինս այլևս «արտոնյալ» չէ։
Օլիգարխիայի ու օլիգարխների մասին Փաշինյանի հայտարարությունները գուցե զարմանալի չլինեին, եթե ընդամենը մեկ ամիս առաջ, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա օլիգարխիային չսպառնար «ասֆալտին պառկեցնելու» գործողությամբ։ Կարելի է ենթադրել, որ այդ հայտարարությունն արվել է նախընտրական PR-ի տրամաբանությամբ ու այս պարագայում զարմանալ կարելի է Հայաստանի իշխանության վրա, որի առաջին դեմքերը երբեմն մոռանում են, որ իրենց խոսքի լսարանն ոչ միայն հարթակից հնչող խոսքերին ոգևորությամբ ծափահարող հեղափոխականներն են, այլ նաև՝ արտաքին աշխարհը, որը կատարյալ շփոթության մեջ է՝ Երևանից հնչող իրարամերժ հայտարարությունների պատճառով։ Ու ընդ որում՝ կոնտրաստը նկատելի է բոլոր հարցերում, նաև՝ նրանց, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը։
Իհարկե, տեսականորեն չի բացառվում, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետի «ասֆալտին պառկեցնելու» հանձնարարությունը կատարել է բծախնդրորեն ու մեկ ամսում տվել է օլիգարխիայի վերջը։
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ երեկ արդեն՝ Կապանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը փորձել է խմբագրել օլիգարխիայի մասին իր հայտարարությունները։ Նա ասել է, որ օլիգարխիան Հայաստանում գոյություն չունի՝ որպես «փոքրամասնության իշխանություն»։ Փաշինյանը փորձել է դասագրքային ձևակերպումներով շտկել իրավիճակը, սակայն նույնիսկ տեսական հարթության վրա «օլիգարխիա» եզրը հիմա շատ ավելի տարողունակ բովանդակություն ունի ու վաղուց չի նույնանում միայն «փոքրամասնության իշխանության» հետ։
Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը հեռացվել է իշխանությունից, սակայն ամբողջովին չի կազմալուծվել ու ռեաբիլիտացիայի ռեսուրս ունի, ինչը, սակայն, չի ենթադրում ՀՀԿ-ի կամ որևէ անձի իշխանության մեխանիկական վերականգնում։ Քրեաօլիգարխիայի ռեաբիլիտացիան կարող է ավելի բազմաշերտ դրսևորում ունենալ ու դրսևորվել ուղղակի կամ անուղղակի բազմաթիվ կոնֆիգուրացիաներով։
Այս ակներև իրողությունը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ օլիգարխիայի գոյությունը բացառող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, համարժեք չէ այն իրականությանը, որը գոյություն ունի Հայաստանում։ Հեղափոխական կառավարությունը չունի հասարակական համերաշխության գործուն, արդյունավետ բանաձև, եթե հաշվի չառնենք բարիկադներն ապամոնտաժելու մասին հայտարարությունը, որն իր մեջ բովանդակություն չի պարունակում կամ լավագույն դեպքում՝ հանգում է կադրային պարզունակ լուծումների։ Անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով լուծված չէ հասարակական համերաշխության հարցը, ուրեմն՝ օլիգարխիայի հարցը լուծված չէ նույնիսկ տեսական մակարդակի վրա ու դա ապացուցելու համար հատուկ քաղաքագիտական կամ տնտեսագիտական գիտելիքների անհրաժեշտություն չկա։
Նման իրավիճակում մի քանի ենթադրություն կարող ենք անել։ Եթե օլիգարխիայի մասով իշխանությունը կորցրել է համարժեքությունն, ապա շատ արագ տրվելու է օլիգարխացման գայթակղությանը։
Սակայն ընդունենք, որ այս վարկածը հարիր չէ հեղափոխական տրամաբանությանը ու քննարկենք այլ վարկածներ։
Եթե երկրում չկան օլիգարխներ, ապա գրեթե բացառվում են տնտեսական բնույթի նոր հանցագործությունների բացահայտումները, այլ խոսքով՝ օլիգախիայի կասկածելի փողերն ու հարստությունը «մաքրված» են՝ առանց լեգալ մեխանիզմների, ու շրջանցելով, այսպես կոչված, հաշտության տուրքի գաղափարը։ Սա նշանակում է, որ օլիգարխիայի փողերը դառնալու են ռումբ իշխանության տակ, կամ անարգել դուրս են գալու երկրի տարածքից։ Երկու տարբերակներն էլ խիստ վտանգավոր են իշխանության համար՝ մեծացնելով երկրի առջև ծառացած քաղաքական ու տնտեսական ռիսկերը։
Եթե օլիգարխիայի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չունեն մարտավարական բնույթ, ապա ինչ-որ բան ձևախեղվել է հեղափոխության օրակարգում։







































