Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիր՝ մասնակցելու իր կուսակցության անդամի քաղաքապետական քարոզարշավին։ Ավելի վաղ վարչապետն իր կուսակցին աջակցել էր Էջմիածին քաղաքում։ Հոկտեմբերի 21-ին քաղաքապետի արտահերթ ընտրություն է նշանակված նաև Հրազդան քաղաքում, ու չնայած այն հանգամանքին, որ այստեղ մրցակցության մեջ է մտել ՔՊ նախագահի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով նաև կուսակցության տարածքային կառույցի ղեկավարն է, Փաշինյանը Հրազդան չի ժամանելու, ավելին՝ քաղաքական թիմը չի աջակցում Միքայելյաններին։
Երեկ Արմավիրում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում տվել է այս հարցի պատասխանը։ «Բնականաբար, մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին: Մենք կարծում ենք, որ պարզապես դա լավ ավանդույթ չէ, երբ որ քաղաքական պրոցեսներում ընտանեկան ավանդույթներ լինեն, մանավանդ՝ այս փուլում»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը դիտարկելի է մի քանի տեսանկյույնից։ Որպես սկզբունք՝ քաղաքականության մեջ, իհարկե, ընդունելի չէ հովանավորչության որևէ դրսևորում, ինչն, ի վերջո, հարիր չէ մրցակցության գաղափարին, այս դեպքում՝ նաև ներկուսակցական դեմոկրատիային։ Սակայն այս պարագայում այդ բանաձևի ճշմարտացիությունը, մեղմ ասած, այնքան էլ միանշանակ չէ։
Եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ երկրում իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, ապա ընտրովի պաշտոնյաներին ընտրում է հենց հասարակությունը, այլ խոսքով՝ տվյալ պարագայում Սևակ Միքայելյանը քաղաքապետ դառնալու է կամ ձախողվելու է ոչ թե հոր հովանավորչության հետևանքով, այլ հասարակության մանդատով։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը միանգամայն ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է նշանակովի պաշտոններին, երբ շատ մեծ է սուբյեկտիվ գործոնը։ Ինչ մնում է ընտրովի պաշտոններին, ապա նույնիսկ դեմոկրատական ԱՄՆ-ում նախագահներ են ընտրվել հայր և որդի Բուշերը, որովհետև, կրկնենք, նման դեպքերում վճռորոշ է հասարակության քվեն։
Մյուս կողմից՝ եթե ՔՊ-ն սկզբունքորեն մերժում է քաղաքականության մեջ ընտանեկան ավանդույթների ներդրումը, ապա չպետք է համաձայներ, որպեսզի տարիներ առաջ Սևակ Միքայելյանը ստանձներ կուսակցության տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնը։ Այլապես ստացվում է՝ ընդդիմության կարգավիճակում կուսակցությունը չի խնայել իր առանցքային անդամի ընտանիքին, իսկ հիմա նրա առջև փակում է իշխանության դռները։
Սակայն հարցը քննարկելի է ավելի լայն համատեքստում։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը չունի համակարգային, կոնցեպտուալ բնույթ, հաճախ անհասկանալի են մնում կադրային նշանակումների մոտիվները։ Ընդհանուր կոնցեպցիայի բացակայության պարագայում մեկ կոնկրետ կադրային հարցի վերաբերյալ չափանիշների սահմանումը, մեղմ ասած, սուբյեկտիվիզմի տպավորություն է թողնում։
Գրեթե ակներև է, որ կառավարող կուսակցության ներսում կան բացահայտ կամ լատենտ հակասություններ, ու երեկ Նիկոլ Փաշինյանն ընդամենը փորձում էր որոշակի ձևակերպումներով քողարկել այդ իրականությունը՝ մանավանդ, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական թիմերը, որպես կանոն, կոնսոլիդացվելու անհրաժեշտություն ունեն։
Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը որոշակի ինտրիգ է հաղորդում կիրակի օրը Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքն ավելի խոցելի դարձրեց Սասուն Միքայելյանի որդու դիրքերը, ու եթե դա հանգեցնի նրա պարտությանը, ապա ինքնաբերաբար կարող ենք արձանագրել, որ այս երկրում նույնիսկ տեղական ընտրություններում հասարակությունը լեգիտիմ է համարում միայն գործող վարչապետի խոսքը։ Հակառակ պարագայում Սասուն Միքայելյանի թիմը կդառնա եզակի օրինակը, երբ թեկուզև տեղական ընտրություններում հաղթանակ է տանում առանց վարչապետի աջակցության կամ նույնիսկ՝ ի հեճուկս նրա կամքի։







































