Սայաթ-Նովա 10/5 հասցեում կառուցապատող «Լարկո Գրուպը» արդեն իսկ գցել է բազմաֆունկցիոնալ շենքի հիմքը, և ամբողջ թափով շինարարություն է իրականացվում: Բնակիչները երկու վարույթ են ներկայացրել դատարան, որոնցից մեկը մերժվել է, այժմ նրանք դիմել են Վերաքննիչ դատարան, սպասում են պատասխանին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնակիչների շահերի պաշտպան փաստաբան Ալբերտ Կանդալյանն ասաց, որ իրենք վստահ են՝ «վարույթ չի ընդունվել, որովհետև եթե ընդունվեր, կնշանակեր՝ բնակիչները հաղթել են դատարանում. Իրենց ուզածն այն է, որ մենք տարիներով դատարաններում լինենք, իրենք էլ վերջացնեն շինությունը, բայց մենք կփորձենք պայքարել տարբեր ուղղություններով և արդյունքի հասնել»:
Ոչ ոք չի եկել ստուգելու, թե ինչպես է կատարվում շինարարությունը, ասում են՝ իրենց տարածքի մեջ է, բայց թե ինչպես է կատարվում, ոչ ոք չգիտի:
Սայաթ-Նովա 10/5-ի բնակիչ Ալբերտ Սարգսյանն էլ հավելեց, որ եթե սկսվի շինության վերին հարկերի կառուցումը, իր բնակարանն ամբողջությամբ կզրկվի արևի լույսից: Նա նշեց, որ հաշվի չեն առնվել իրենց բողոքները, շինարարության արդյունքում օգտագործվել է երեխաների խաղահրապարակը, չկա շարժվելու տարածք. «Մեր ոչ մի օրինական պահանջ հաշվի չի առնվել, միայն հաշվի են առնվել «Լարկո Գրուպի» օրինական պահանջները, և մենք օր օրի սպասում ենք, որ մեր վիճակը կվատանա, քաղաքապետարանը թույլտվություն է տվել 100 տոկոս շինարարություն, 0 տոկոս կանաչապատում անել»:
Մինչ մենք զրուցում էինք փաստաբանի և բնակիչների հետ, «Լարկո Գրուպի» ներկայացուցիչները նկարահանում էին մեզ: Նրանք չանջատեցին տեսախցիկը նույնիսկ մեր պնդումներից հետո: Ընդհակառակը՝ «Լարկու Գրուպի» Կարեն անունով ներկայացուցիչն ասաց, որ իրենք նկարահանում են՝ տեսնելու համար, թե «ինչ ճիշտ և ինչ սխալ խոսք է ասվում»: Նրա պնդմամբ՝ «Լարկո Գրուպը» ոչինչ չի զավթել, իրենք ցույց են տվել փաստաթղթերը, իսկ տարածքը գնել են քաղաքապետարանից:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































