Մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման միակ միջոցն է, և հիվանդությունը վաղ հայտնաբերելու համար բոլոր կանայք պարտավոր են տարեկան մեկ անգամ հետազոտություն անցնել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ իրենց կենտրոնի գործունեության տասնյոթ տարիների ընթացքում հետազոտվել է 325 հազար 164 կին:
«ՀԱԱԿ-ում ամեն տարի հետազոտվում է շուրջ 35 հազար կին: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 7533 այցելուի մոտ: ՀԱԱ կենտրոնում հետազոտվածներից 109 հազար 647-ն ունի կրծքագեղձի բարորակ ախտահարում: Միաժամանակ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը երիտասարդացման միտում ունեն:ՀԱԱԿ-ում հետազոտված ամեն 16-17-րդ կինը հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով: Սակայն քսանմեկերորդ դարում կրծքագղձի քաղցկեղից մահանալն ուղղակի անգրագիտություն է: Անհրաժեշտ է ուղղակի տարեկան մեկ անգամ գնալ հետազոտվելու»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ արտասահմանյան երկրներում մամոգրաֆիական հետազոտությունն արժե շուրջ հազար դոլար, մինչդեռ իրենց մոտ հետազոտությունն արժե 20 հազար դրամ: «Բացի դրանից՝ մեզ մոտ օրական մինչև 10-12 հատուկ խմբերի կանայք անվճար են հետազոտվում: Ընդհանուր առմամբ, մեր կենտրոնում օրական կարող է հետազոտություն անցնել մինչև 150 կին»,- ասաց կենտրոնի ղեկավարը:
Ասուլիսի մյուս բանախոս, կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բ.գ.թ. Անի Հակոբյանն իր հերթին նշեց, որ 30-40 տարեկան կանայք պետք է տարեկան առնվազն մեկ անգամ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտություն անցնեն: «Մեզ մոտ ամսական 30-35 նոր դեպք է հայտնաբերվում: Զարմանալին, սակայն, այն է, որ մեր կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի մինչև 30 տարեկան 60 դեպք ունենք»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ կրծքագեղձի քաղցկեղի ամենաշատ դեպքերը գրանցվում են Գեղարքունիքի մարզում:
Անի Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ մինչ օրս Հայ-ամերիկյան կենտրոնում հետազոտվել է 871 տղամարդ այցելու: Կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է նրանցից 32-ի մոտ: «Կենտրոնում գինեկոլոգիական զննության ենթարկվել են 50 հազար 470 կանայք, 57-ի մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, 237-ի մոտ հայտնաբվերվել է նախաքաղցկեղային վիճակ»,- ասաց բժիշկը:







































