Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հերքել է այն տեղեկատվությունը, թե թուրքական ընկերությունը շինանյութեր ու սարքավորումներ է մատակարարել Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությանը.
«Մամուլում ենթադրություն է հայտնվել, որ թուրքական Demirci ընկերությունը շինանյութեր ու սարքավորումներ է մատակարարել Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությանը։ Քանի որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, ապա իր ապրանքներն այդ տարածաշրջան է ուղարկում ադրբեջանական մաքսային անցակետի միջոցով։
Դրա հետ մեկտեղ, եթե արտահանման նշանակման վայրի տակ գրված է լինում Հայաստան, ապա Թուրքիան արգելում է այդ ապրանքների արտահանումը։ Մամուլում հայտնված տեղեկատվությունից հետո թուրքական համապատասխան կառույցները հետաքննել են 2009-2011 թվականներին Demirci ընկերության արտահանման գործողությունները և պարզել, որ այդպիսի բան տեղի չի ունեցել»։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կից Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Տիգրան Գաբրիելյանը հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի համար գնվել է մետաղացանցերի հյուսման թուրքական հաստոց։











































