Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Այս հարթության վրա գործող ավագանին նախորդներից ոչնչով չտարբերվեց, որովհետև նախորդ բոլոր դեպքերում առաջին նիստերում քաղաքապետերը պաշտոնը ստանձնել են օրենքի ուժով։
Միանգամայն այլ է այն համատեքստը, որում ձևավորվել է գործող ավագանին՝ իր քաղաքապետով։ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել չվիճարկվող օրինական ընտրությունների արդյունքում՝ արժանանալով թե՛ հասարակության և թե՛ կառավարության անվերապահ աջակցությանը։
Միևնույն ժամանակ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ամբողջովին ստվերում մնաց մայրաքաղաքը՝ իր խնդիրներով ու տասնյակ պրոբլեմներով։ Խնդիրն այն է, որ ֆորմալ առումով միանգամայն օրինական ընտրված Հայկ Մարությանը քաղաքապետ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշի հաշվին. Երևանի ավագանու ընտրությունները նման էին վստահության հանրաքվեի, որտեղ երևանցիները ձայն տվեցին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգին, որը որևէ առնչություն չուներ ո՛չ ընտրված քաղաքապետի անձի, ոչ էլ նույնիսկ Երևանի ու նրա կառավարման հետ։
Երևանի ավագանու ընտրություններն այդ իմաստով որևէ պատկերացում չեն տալիս նոր քաղաքապետի, նրա կարողությունների, նույնիսկ իրական վարկանիշի մասին։ Մի բան ակնհայտ է՝ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում ունի գրեթե անվերահսկելի իշխանություն. ավագանու 65 անդամներից 57-ը ներկայացնում են նրա դաշինքը, ու ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցության փոքրաթիվ անդամները չեն կարող նույնիսկ պատշաճ վերահսկողություն իրականացնել՝ մարդկային խիստ սահմանափակ ռեսուրսների հետևանքով։
Երևանի ընտրություններն այն մասին էին, որ ժողովուրդն անվերապահորեն վստահում է հեղափոխության առաջնորդին ու վստահության քվե է տալիս նրա օրակարգին, որն այլևս տրանսֆորմացվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացի։
Արդյոք նման համատեքստում ձևավորված ավագանին ու ընտրված քաղաքապետը կարո՞ղ են արդյունավետ կառավարում իրականացնել։ Այս հարցը միանշանակ պատասխան չունի, ու, ցավոք, ամեն ինչ պայմանավորված է ոչ թե ինստիտուցիոնալ գործոններով, այլ նոր քաղաքապետի անձով, նրա որակներով, որը երևանցիների համար մինչև վերջ բացահայտված չէ։
Հետհեղափոխական առաջին ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը փայլուն լուծեց երկու խնդիր. ներդրվեց օրինական ընտրությունների մոդելը, և քաղաքական ամբողջ համակարգն ըստ էության կապիտուլացվեց հեղափոխության թիմի առաջ։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Երևանի ընտրությունները պետք է նպաստեին առաջին հերթին մունիցիպալ իշխանության ինստիտուտի վերականգնմանը ու քաղաքային նոր կառավարման մշակույթի կայացմանը, ինչը հնարավոր է ոչ թե Երևանում միաբևեռ իշխանության ձևավորման, այլ մրցակցային ու վերահսկողական լուրջ դերակատարություն ունեցող ավագանու ձևավորման պարագայում։
Հիմա ակնհայտորեն ինստիտուցիոնալ այդ հենքը բացակայում է, ու դժվար է կանխատեսել՝ արդյոք Երևանի նոր քաղաքապետը կարո՞ղ է ձևավորել սեփական կերպարը ու քաղաքային իշխանության նոր որակ, թե՞ նա մնալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստվերի տակ՝ իր քաղաքապետության հեռանկարն ամբողջովին պայմանավորելով այն քաղաքական կոնյունկտուրայով, որ կստեղծվի վարչապետի շուրջը։
Այս իմաստով հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները, ու Երևանը թևակոխում է, այսպես կոչված, էքսպերիմենտալ փուլ։








































