Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի «բանավեճ» կոչվածը, որ իրականացվում է միմյանց հեգնելու և պիտակավորելու ռեժիմով և վերաբերում է Հայաստանում մինչև 2008 թվականի ճգնաժամը երկնիշ տնտեսական աճի պատճառ դարձած շինարարական բումին, շատ հետաքրքրական մի կողմ ունի: Հեգնելուց կամ պիտակավորելուց զատ, կողմերն, իհարկե, փորձեցին միմյանց ներկայացնել տնտեսագիտական, կոմպետենտ փաստարկներ:
Նախ` Տիգրան Սարգսյանը վերլուծություն ներկայացրեց, թե ինչ է նկատի ունեցել շինարարական փուչիկ ասելով, իսկ հետո էլ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայիս քաղաքականությունը, այսպես ասած, մասնագիտական, փաստարկային մոտեցումներով: Այս ամենին կողքից հետևողներից շատերը քաղաքակիրթ բանավեճ անվանում են տալիս. կարծես թե իր Facebook-յան էջում նման մի բան էր գրել խորհրդարանական ընդդիմության պատգամավորներից մեկը` ողջունելով նման բանավեճը: Շուտով շատ տնտեսագետներ կսկսեն գնահատել քոչարյանական կամ սարգսյանական փաստարկների հիմնավորվածությունները:
Երբ այս ամենից մի փոքր էլ վեր ենք բարձրանում, ապա ականատես ենք լինում բավական զավեշտալի մի իրողության: Քննարկվում է տնտեսական քաղաքականություն մի երկրում,- անցյալի կամ ներկայի` կարևոր չէ,- որտեղ ըստ էության տնտեսություն ասվածը հանգում է իշխանության բռնազավթման փաստին: Այսինքն` ողջ տնտեսությունը այն է, որ մի խումբ մարդիկ, ինչ-որ ժամանակահատվածում Հայաստանում յուրացնելով իշխանությունը և կեղծելով ընտրությունները, Հայաստանում ձևավորել են սեփականատերերի մի խավ, որը տիրել է տնտեսական ռեսուրսները, որը ինչ-ինչ՝ հիմնականում քրեական պայմանավորվածությունների տրամաբանությամբ բաժանել է տնտեսությունն ինքն իր մեջ, իր հարազատների և ընկերների մեջ, որոշել է, թե ով ինչքան է ներկրելու այս կամ այն ապրանքից, ով ինչքան է արտադրելու, ինչքան է արտահանելու, ինչ պետք է արվի, որ ոչ մեկը մյուսին չխանգարի և այլն, այդ ընթացքում եղել են միմյանցից կապիտալ խլելու դեպքեր, սակայն ընդհանուր անխախտ տրամաբանության և կանոնների շրջանակում, որոնք ուղեկցվել են պարբերաբար կեղծվող ընտրություններով:
Ահա այս տնտեսության պայմաններում, այսպես ասած, մասնագիտական հանդարտությամբ և կոմպետենտությամբ ինչ-որ հարցեր քննարկելն ուղղակի ծիծաղ է առաջացնում: Եվ բանավեճի կողմերը, անշուշտ, հասկանում են այս ամենը և իրականում իրենց, այսպես ասած, մասնագիտական կոմպետենտության փայլատակումներով իրենք են, ըստ էության, ծիծաղում հասարակության վրա: Տնտեսական մասնագիտական քննարկումներ, բանավեճեր լինում են այն տնտեսությունների պայմաններում, որոնք ենթակա են մրցակցության օրենքին, շուկայական օրենքին, պետական օրենքին, որոնք կարգավորվում են անկախ մարմինների, այդ թվում` անկախ դատարանների օգնությամբ, որոնք ձևավորված են այն երկրներում, ուր չկա իշխանական քաղաքական միահեծանություն և առկա է բաց քաղաքական ու տնտեսական համակարգ: Նման բան չի եղել թե մինչև 2008 թվականը, և թե այսօր: Եվ ուրեմն` քննարկել, որ այն ժամանակ կամ այսօր Հայաստանում տնտեսական քաղաքականություն է վարվել կամ վարվում, ուղղակի զավեշտալի է կամ վտանգավոր խաբեություն:
Սակայն հասարակությանն, իհարկե, խաբել հնարավոր չէ: Այս առումով մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի տնտեսություն ասվածը, թե այդ տնտեսության մեջ որ անձին, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և այլ պաշտոնյաների և օլիգարխների որ հարազատին ու մերձավորին ինչ բիզնես տիրույթ է հատկացված, ինչ չգրված կամ թեկուզ գրված արտոնություններ են տրված, ինչ պատվերներ են իջնում պետական գնումների շրջանակում, ինչպես է նրանց հովանավորում պետական եկամուտների կառույցը՝ ճնշելով նրանց հնարավոր որևէ մրցակցային դրսևորում, որը դուրս է իշխանական տանիքից: Մարդիկ գիտեն, թե ինչպես են իրենց բիզնես տիրույթները նվաճում Սամվել Ալեքսանյանը, Սաշիկ Սարգսյանը և մյուսները, որոնք Հայաստանում հասնում են ավելի ու ավելի մոնոպոլ դիրքերի, նորանոր ոլորտների տեր դառնում:
Այնպես որ, առնվազն զարմանալի է, թե ինչի մասին են խոսում Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը, ինչի մասին են նրանք ընդհանրապես վիճում: Այլ հարց է, որ այսպես ասած, մասնագիտական բանավեճի տակ նրանք խոսում են իրենց հասկանալի լեզվով և ասում են իրենց հասկանալի, իրականությանը ավելի մոտ բաներ: Որովհետև այն լեզուն, որով նրանք հրապարակավ միմյանց կամ հանրությանը փորձում են մեկը մյուսի քաղաքականության սխալներ մերկացնել, իրականում բովանդակային առումով քիչ կապ ունի առկա իրողությունների հետ: Այդ տեսանկյունից, կապը անկասկած շատ ավելի մեծ է հեգնանքի և վիրավորանքների, պիտակների դեպքում:
Այ դա արդեն Հայաստանի իշխանական համակարգի պայմաններում առարկայական և միանգամայն իրական, հողեղեն խոսակցություն է: Դա համարժեք է այն տնտեսական իրողություններին ու կանոններին, որոնք գործում են Հայաստանում, և որոնք հասցրել են երկիրը աղետալի վիճակի, որոնք արգելափակել են հասարակական ստեղծագործական ռեսուրսի լիարժեք դրսևորումը, պետական պաշտոն ունեցողներին և նրանց մերձավորներին դարձրել են գերհարուստ, ձեռքի մի շարժումով շնորհել են ամենաեկամտաբեր ոլորտները, պետական լծակներով պահպանել ու փայփայել են այդ բիզնեսները, իսկ մնացյալ հասարակությանը դարձրել են աղքատ: Այլապես, ինչպես հայտնի հերոսը կասեր՝ «թե չէ գիտահետազոտական, միտահետազոտական»:










































