Օրերս «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը:
Նա մեկ անգամ՝ 2016-ին, ազատվել էր այդ պաշտոնից խաղատների հանդեպ ունեցած թուլության պատճառով, սակայն կարճ ժամանակ անց՝ 2017-ի նոյեմբերին, վերականգնվեց իր պաշտոնում, թեև մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան նրա կողմից դաժանությունների, մեղադրյալներին ծեծելու մասին: Գրել էինք, որ դեռևս հստակ չէ, թե ինչի համար է Տիտանյանը ձերբակալվել, սակայն երկու վարկած է շրջանառվում: Առաջինը «Ալավերդցի Վահագի» գործի շրջանակում, իսկ երկրորդը՝ խոշոր փողերի հետ կապված։
Աշոտ Տիտանյանը այսօր հերքեց, թե իրեն ձերբակալել են, սակայն խոստովանեց, որ մեր հրապարակման օրը ՀՔԾ-ում հարցաքննվել է քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործով։









































