Այս տարվա սեպտեմբերին ԵՊՀ և մի քանի այլ բուհերում ուսման վարձերի կտրուկ բարձրացում եղավ, որը համալսարանի ղեկավարությունը բացատրեց պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացումով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ վարձավճարների բարձրացումը նպատակ է ունեցել բարելավել դասախոսների աշխատանքային պայմանները, քանի որ իր ողջ կյանքը կրթության և գիտության հետ կապող դասախոսը նույնպես իրավունք ունի ապրելու արժանավայել և ունենալու պատշաճ վարձատրություն: «2013թ. սեպտեմբերից կբարձրանան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի 1-ին և 2-րդ կարգի աշխատակիցների տարբերակված հավելավճարները, իսկ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ 2014թ. հունվարից հնարավորություն է ընձեռվում 5%-ով բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը: Ուսման վարձերի բարձրացումից առաջացած գումարն ամբողջովին տրամադրվելու է ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձացմանը»,- հայտարարել էր ԵՊՀ ռեկտորը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ վարձավճարների թանկացումն այսպես էր պատճառաբանել. «Ամեն ինչ թանկանում է, բայց 3-4 տարի ուսման վճար չի բարձրացել, և այսօր պետությունը վճարում է միևնույն մասնագիտության համար ավելի մեծ գումար, քան այդ մասնագիտությունը վճարովի ծառայության դեպքում մատուցվում է»:
Ինչևէ, սեպտեմբեր ամսից, ճիշտ մեկ կիսամյակ է անցել, սակայն պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձն այդպես էլ էական փոփոխության չի ենթարկվել: Դասախոսներից ոմանք, ինչպես նաև որոշ ամբիոնի վարիչներ դժգոհում են, որ իրենց աշխատավարձը բարձրացնելու պատճառաբանությամբ բարձրացված ուսման վարձերից առաջացած գումարն այդպես էլ իր նպատակին չի ծառայել, և աշխատավարձային որևէ փոփոխություն չի կատարվել:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անցած տարվա սեպտեմբերից պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այսինքն` բուհի հիմնական դասախոսների տարբերակված աշխատավարձը բարձրացվել է: Նրանք, պրոռեկտորի խոսքով, բացի իրենց հիմնական աշխատավարձից, ստանում են հավելավճար, որը նախկինում 10-20 և 30 հազար դրամ էր, իսկ ներկայումս` 10-30 և 50 հազար: «Սա տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, իսկ երկրորդ մասով համալսարանի բոլոր աշխատողների աշխատավարձերը, միջինը 7.5 տոկոսով, բարձրացվել են հունվար ամսին: Այսինքն` փետրվարին արդեն աշխատողները կստանան բարձրացված աշխատավարձ»,- ասաց Մարկոսյանը: Վերջինս դասախոսական կազմի դժգոհությունն անհիմն որակեց: «Դրանք անհիմն դժգոհություններ են: Ասում եմ ձեզ` մարդիկ հունվարի 1-ից ունեն 7.5 տոկոսով բարձրացված աշխատավարձ: Բացի դրանից, ինչպես ասացի, բարձրացվել էր նաև տարբերակված աշխատավարձը»:
Մարկոսյանի խոսքով` եթե նախկինում դասախոսների միջին աշխատավարձը կազմում էր 200-230 հազար դրամ, ներառյալ հարկերը, ապա հունվարից դրանք կբարձրանան 7-8 տոկոսով և կդառնան մոտ 215-250 հազար: Սակայն եթե այս գումարից հանվում են հարկերը, բոլոր տեսակի պահումները, ստացվում է 160-180 հազար դրամ, և ավելացված 10-12 հազար դրամը ծիծաղելի բարձրացում կարելի է համարել:
Մարկոսյանից հետաքրքրվեցինք՝ ուսման վարձավճարների բարձրացումից առաջացած ողջ գումարն ուղղվել է միայն աշխատավարձերի՞ բարձրացմանը: «Իրականում բարձրացված վարձերի գումարը կազմում է մոտ 300 միլիոն դրամ, իսկ մեր աշխատավարձային ֆոնդն ամսական մոտ 350 միլիոն դրամ է: Այսինքն` վարձավճարների թանկացումից առաջացած գումարը հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատավարձերը միայն 7-8 տոկոսով, այնքանով, ինչքանով մենք դա արել ենք»:
Պրոռեկտորի խոսքով` բարձրացված վարձավճարների պատճառով ուսման վարձը չվճարողներ չեն եղել: Ընդամենը 1-2 հոգի է իր գործերը հետ վերցրել, իսկ 99 տոկոսը վճարել է վարձավճարները: «Այն ուսանողները, ովքեր հրապարակային ելույթներ էին ունենում, բոլորն էլ վճարեցին իրենց վարձերը, և բոլորն էլ հիմա ուսանող են»:
Լուսանկարը՝ bravo.am-ի








































