Հայ ժողովուրդը սգում է: Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ծագումով հայ, ֆրանսիացի երգիչ, որը աշխարհինն էր վաղուց: Ազնավուրի կորուստը արձանագրում է ամբողջ աշխարհը, և մենք՝ հայերս, սգալով մեր մեծ հայրենակցի մահը՝ իրականում, իհարկե, չունենք նրան «ազգայնացնելու» իրավունք, քանի որ դրանով նսեմացնելու ենք մեծ մարդու և երաժշտի անունն ու համբավը, նրա հիշատակը:
Շառլ Ազնավուրի հայկական մեծությունն էլ հենց այն էր, որ նա միայն մերը չէր, նա համամարդկային էր և դրանով նաև ոչ միայն երաժշտական, ոչ միայն արվեստի, այլև մարդկային մեծություն:
Ազնավուրի մասին հնարավոր է խոսել անվերջ, որքան խորն ու անհատակ էին նրա ստեղծագործությունները, որոնք շոշափում էին կյանքի ամենատարբեր ռիթմերը՝ սիրո առանցքով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արձակագիր Կարինե Խոդիկյանի ու երգահան Լիլիթ Պիպոյանի հետ:









































