Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի՝ ինչ-որ տեղ անբացատրելի, բայց շատ կարևոր համաձայնությամբ իշխանափոխություն իրականացրեց. «Հիմա էլ պնդում են, թե մեզ անհրաժեշտ են անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնել»:
«Ուզում են ապացուցել, որ քաղաքական մենաշնորհը չի դառնա տնտեսական մենաշնորհ, եթե դրա գլխավերևում կանգնած են Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը: Առայժմ մենք նրա թիմի մեջ այդպիսի ուժ չենք տեսել»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ Երևանի ավագանու 65-ից 57 ձայնը ստացել է «Իմ քայլը» դաշինքը:
Նրա խոսքով՝ Երևանի մոդելով ապացուցվում է միակուսակցականացումը՝ որպես պիլոտային ծրագիր. «Գուցե սպասենք տեսնենք՝ ինչպես է աշխատում այդ պիլոտային ծրագիրը Երևանի մակարդակով և հետո այն տարածենք հանրապետության վրա: Կարծում եմ՝ այդ մոդելը մեզ շատ սպասեցնել չի տա»:
Նա դիմեց ժողովրդին և ասաց. «Մեր երկիրը փորձադաշտ չէ, եկեք դանդաղ շտապենք: Եկեք համոզվենք Նիկոլ Փաշինյանի թիմի կարողություններում Երևանի մակարդակով»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































