Նախատեսվածի համաձայն՝ ընդամենը երկու օրից՝ հունվարի 10-ից, պետք է գործեր Միասնական քննչական կոմիտեն: Դեկտեմբերին ԱԺ-ն պետք է քննարկեր և ընդուներ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, սակայն այն դեռևս չի էլ ներկայացվել ԱԺ: Նախագիծը ԱԺ կներկայացվի թերևս գարնանային նստաշրջանին, որը մեկնարկում է փետրվարին: Ու մինչ քննարկվի և անցնի պահանջված մի քանի ընթերցումները բավական ժամանակ կանցնի: Այսինքն՝ գարնանը նոր միայն Քննչական կոմիտեն կկարողանա գործել:
Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում Սերժ Սարգսյանը պետք է նշանակի Քննչական կոմիտեի նախագահին։ Ակնհայտ է, որ հենց Աղվան Հովսեփյանն էլ կգլխավորի հատուկ իր համար ստեղծված կառույցը, իսկ մինչ այդ նա այդ կառույցի ստեղծման հետ կապված իրավական նախագծերի մշակման հանձնաժողովի նախագահն է: Ու չնայած Հովսեփյանը դեռ համեստորեն որևէ լրատվամիջոցի հետ զրույցում չի հաստատում, որ ինքն է լինելու կոմիտեի նախագահ, սակայն արդեն ոչ պաշտոնապես գործի է անցել: Երբեմն այցելում է կոմիտեի կազմում ներառվելիք գերատեսչությունների քննչական ծառայություններ և սկսում հետաքրքրվել ինչ-ինչ հարցերով: Այդ փաստը, բնականաբար, դուր չի գալիս դեռևս Աղվան Գառնիկիչի ենթակայության տակ չմտած ծառայությունների ղեկավարներին:
Այս նորաստեղծ Քննչական կոմիտեի կազմում, ինչպես արդեն հայտնի է, լինելու են միայն երկու գերատեսչության՝ ՊՆ-ի և Ոստիկանության քննչական ծառայությունները: Իսկ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի քննչական մարմինները չեն ներառվի նորաստեղծ մարմնում: Միասնական քննչական կոմիտեի կազմ չներառվելու համար ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից մեծ ջանքեր են պահանջվել, ինչը, բնականաբար, Աղվան Հովսեփյանի սրտով չէր, քանի որ ՊԵԿ-ի քննչականի ներգրավվածությամբ կառույցն ավելի կհզորանար և Գառնիկիչի ձեռքին լրացուցիչ լծակներ կստեղծեր:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ի սկզբանե ողջունում էր Միասնական քննչական կոմիտե ստեղծելու գաղափարը, սակայն, նրա խոսքով, կառույցն արդեն միասնական անվանել հնարավոր չէ, քանի որ այն բաղկացած է ընդամենը երկու գերատեսչության քննչական ծառայություններից: «Երբ ՀՔԾ-ին դուրս թողեցին կառույցից, դա ինչ-որ տեղ հասկանալի էր, որովհետև, օրինակ, այդ կառույցի քննիչների դեմ հարուցված գործը պետք է քննի այդ կառույցից անկախ մարմինը, և դա Եվրոպայի խորհրդի պահանջն էր: Այսինքն՝ կարելի է համարել, որ ՀՔԾ-ի համար օբյեկտիվ հիմքեր կային, որ դուրս մնաց Միասնական քննչական կոմիտեի կազմից: Դա ողջամիտ էր ու իրավաչափ: Իսկ ՊԵԿ-ի քննչականի մասով օբյեկտիվ հիմք կա, բայց իրավաչափ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի քննչականը կոմիտեից դուրս թողնելը բացառապես քաղաքական որոշման արդյունք էր: «Գաղտնիք չէ, որ ՊԵԿ-ը մեր երկրում ըստ էության քաղաքական մարմին է և քաղաքական խնդիրներ է լուծում: ՊԵԿ-ով կարելի է ոչնչացնել քաղաքական հակառակորդներին: Հանրությունն այդ մասին գիտի և բազմիցս է ականատես եղել նման «հարձակումների», երբ ՊԵԿ-ը ինչ-որ մեկի մոտ ստուգումներ է սկսում, և տվյալ մարդիկ քաղաքական հակառակորդներ են լինում: Այսինքն՝ ես միայն ու միայն քաղաքական հիմքեր եմ տեսնում և ցավում եմ, որ հենց սկզբից այս հրաշալի գաղափարն աղճատվեց»,- ասաց Ղազարյանը՝ ավելացնելով, թե ամեն դեպքում լավ է, որ թեկուզ երկու քննչական ծառայություն կմտնեն կոմիտեի կազմ: «Այսպես էլի լավ է, քան ներկայիս համակարգը: Նախկինում գերատեսչական շահեր կային, և գերատեսչական շահերը հաճախ բախվում էին հանրային շահի հետ: Այսինքն՝ հանրային շահը պահանջում էր այսինչ հանցագործության բացահայտումը, բայց գերատեսչական շահերից ելնելով, ասենք, ոստիկանության քննիչները բախվում էին ՊԵԿ-ի քննիչների հետ այդ գործի շրջանակներում: Հիմա արդեն միասնական կառույց կա, որն այդքան էլ միասնական չէ, բայց չարյաց փոքրագույնն է»:
Ղազարյանի կարծիքով՝ գուցե հետագայում, երբ քաղաքական ավելի բարենպաստ պայմաններ լինեն, ՊԵԿ-ի քննչականն ու մյուսները ևս ընդգրկվեն Միասնական քննչական կոմիտեի մեջ, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: «Միասնական քննչականի գաղափարը տասնամյակներ շարունակ ռեզերվում դրված է եղել որպես պահեստային տարբերակ: Այդ գաղափարը իրավաբան գիտնականների, պրակտիկ իրավաբանների կողմից առաջ է քաշվել և միշտ մերժվել է, բայց երբ քաղաքական պայմանները նպաստավոր եղան, որոշեցին արդեն գաղափարը շուկա նետել: Գուցե ապագայում ևս քաղաքական պայմանները նպաստավոր լինեն, և մնացած քննչական ծառայությունները ևս կբերեն այս նորաստեղծ կառույցի մեջ»:
Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ եթե կառույցը ղեկավարի նախկին գլխավոր դատախազը, արդյո՞ք երաշխիք կլինի, որ իր նշած գերատեսչական բախումները չեն շարունակվի նաև այստեղ: «Հնարավոր է շարունակվեն, բայց իմ կարծիքով՝ օբյեկտիվ իրականությունն ամեն ինչ կբերի միասնականության դաշտ: Կարևորը հիմքերը ստեղծելն է և ընթացքի մեջ դնելը: Մնացածը ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե ինչպես է աշխատում: Իհարկե, տարիներ են պետք, որ կառույցն իսկապես միասնական լինի: Այսինքն՝ եթե մենք չենք կարողանում քաղաքական որոշումով ինչ-որ բան անել, մնում է հույսը դնել նրա վրա, որ բուն պրոցեսը ինքը ժամանակի ընթացքում տա իր արդյունքները: Պարզապես մեր երկրում քաղաքականությունը միշտ միջամտում է իրավաբանների աշխատանքին»,- նկատեց իրավաբանը:
Թեև շատ է խոսվում, որ Միասնական քննչական կոմիտեն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի օրինակով, որը ենթարկվում է անմիջապես երկրի նախագահին, սակայն, Ղազարյանի խոսքով, մեր կոմիտեն ավելի շուտ ստեղծվել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի օրինակով, որն իսկապես միասնական կառույց է:








































