Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել է հնդկացիների՝ նախկինում անհայտ և քաղաքակրթությունից կտրված նոր ցեղ: Լուրը հաստատել են Բրազիլիայի իշխանությունները: Այս ցեղի գոյության մասին առաջին ապացույցները ստացվել են արբանյակային լուսանկարներից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սկզբում Բրազիլիայի և Պերուի սահմանագծում հայտնաբերվել են տարածքներ, որոնք մաքրված են եղել բուսականությունից և ապացուցել են, որ այնտեղ մարդիկ են ապրում: Հետագայում այդ ուղղությամբ մեկնել է ինքնաթիռ, որը նկարահանումներ է իրականացրել: Մասնագետները չեն ցանկանում միջամտել հնկացիների կյանքին, այդ պատճառով ցամաքային արշավախումբ չի կազմակերպվել:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, հայտնաբերված ցեղն ապրում է ծղոտածածկ մեծ տներում: Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, աճեցնում են եգիպտացորեն, բանան, լոբեղեն և այլ մշակաբույսեր: Բրազիլիայի հնդկացիական ազգային ընկերությունն ավանդաբար օգտագործում է թռչող սարքեր՝ մեկուսացած ցեղերին նկարահանելու համար: Ընդհանուր առմամբ՝ բրազիլական Ամազոնում հայտնաբերվել է քաղաքակրթությունից կտրված 68 այդօրինակ խումբ:









































