Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն ազգային հավաքականի մարզիչ է փնտրում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին հրաժարական տվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Աշխատանքներն ակտիվորեն տարվում են: Ունենք մի քանի թեկնածու, որոնց անունները չեմ տա, բայց կասեմ, որ քննարկվում են տարբերակներ տեղից և արտերկրից: Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուն»,- ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո ասել է Արթուր Վանեցյանը:
Եվ ահա, արդեն շաբաթվա սկզբին Երևան ժամանեց իտալացի ճանաչված մասնագետ Ջիանի դե Բիազին: Նա երկար տարիներ աշխատել է Սերիա Ա-ի մի շարք թիմերում: 2003 թվականին նա գլխավորել է «Բրեշիա» ակումբը, որտեղ Բիազիի գլխավորությամբ կարիերան ավարտեց լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջջոն: Այնուհետև դե Բիազին գլխավորել է Սերիբա Բ-ում գտնվող «Տորինոն»: Դե Բիազիի գլխավորությամբ «Տորինոն» դուրս էր եկել Սերիա Ա, սակայն ակումբի ղեկավարությունը հանգամանքների բերումով ազատել էր աշխատանքից այս մասնագետին: Ավելի ստույգ՝ «Տորինոյի» ղեկավարները որոշում էին կայացրել դե Բիազիի փոխարեն ակումբը վստահել Իտալիայում հեղինակություն վայելող Ալբերտո Ձակերոնիին, որը մինչ այդ գլխավորել էր «Միլանը»: Ընդհանուր առմամբ դե Բիազին «Տորինոն» գլխավորել է 3 անգամ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուն հսկայական փորձ ու հարուստ կենսագրություն ունի: Դե Բիազիի գլխավոր ձեռքբերումը համարվում է Ալբանիայի ազգային հավաքականի հետ պատմության ընթացքում առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելը: Հիշեցնենք, որ Ալբանիան դե Բիազիի գլխավորությամբ մասնակցել էր 2016 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլին: Դե Բիազիի մակարդակի գլխավոր մարզիչ Հայաստանի ազգային հավաքականը երբևէ չի ունեցել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ բանակցելով ՀՖՖ-ի հետ, դե Բիազին մեկնել է Հայաստանից և խոստացել մինչև մոտակա երկուշաբթի կայացնել որոշում: 62-ամյա մասնագետի Երևան ժամանելն արդեն իսկ կարելի է դրական համարել: Դա խոսում է այն մասին, որ դե Բիազին հետաքրքրված է ՀՖՖ-ի առաջարկով: Այս մասնագետն այժմ անգործ է, իսկ Հայաստանի հավաքականը նրա համար միանգամայն նոր մարտահրավեր է: Մեր ընտրանին թեկուզ տեսական, բայց հնարավորություն պահպանում է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ դուրս գալու: Ինչ խոսք, սա լրացուցիչ մոտիվացիա հաղորդող հանգամանք է դե Բիազիի համար: Երկու անգամ համեստ ֆուտբոլային երկրների հավաքականների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերելն իսկապես մեծ նվաճում կլինի:
Այս պահին դժվար է գուշակել, թե ինչ որոշում կկայացնի դե Բիազին: Հայաստանն անհամբեր սպասում է իտալացի մասնագետի հայտարարությանը: Արտասահմանցի մասնագետներից դե Բիազին այս պահին ամենահարմար թեկնածուն է: Այսօր դժվար է գտնել նման մակարդակի անգործ մասնագետի, որը կհամաձայնի գլխավորել Հայաստանի ազգային թիմը: Ընդունենք, որ որոշում կայացնելիս մասնագետները հաշվի են առնում ոչ միայն ֆինանսական կողմը: Հայաստանի հավաքականն ավելի քան ծանր վիճակում է գտնվում, և ոչ բոլոր մասնագետները հանուն «փողի» կցանկանան վերցնել նման ծանր բեռ:
Մամուլում շատ է խոսում նաև իտալացի մեկ այլ հանրահայտ մասնագետ Կլաուդիո Ռանյերիի թեկնածության մասին: Վերջինս հատկապես հայտնի դարձավ «Լեսթերի» հետ Անգլիայի չեմպիոն դառնալուց հետո: Այո, Ռանյերիի նշանակումը միայն ու միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի ազգային հավաքականի վրա, բայց հաշվի առնենք, որ այս մասնագետին հրավիրելը ՀՖՖ-ի համար ֆինանսական առումով հնարավոր է՝ անհասանելի լինի: Դե Բիազիին ազգային հավաքականը վստահելով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարևորագույն մի քայլ կկատարի: ՀՖՖ-ն ունի բացառիկ հնարավորություն Հայաստանի հավաքականին դնելու բոլորովին նոր հարթության վրա:
Ռուբեն Հայրապետյանի օրոք Հայաստանի հավաքականը գլխավորել են բազմաթիվ օտարերկրացի մասնագետներ, որոնց հիմնական մասը, կոպիտ ասած, «խոպանչիներ» էին: Նշանակելով դե Բիազիին՝ ՀՖՖ-ն հնարավոր անհաջողությունների դեպքում էլ պարզերես կլինի ֆուտբոլասերի առաջ: Տարիներ շարունակ ՀՖՖ-ին երկրպագուները մեղադրում էին վատ մարզիչներ նշանակելու մեջ: Եղան նաև բացառություններ, բայց «խոպանչիները» տարիների ընթացքում քայքայեցին Հայաստանի ազգային հավաքականը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է հոկտեմբերի 13-ին՝ Երևանում մրցելով Ջիբրալթարի հետ: Հոկտեմբերի 16-ին մեր հավաքականը ըստ էության վճռորոշ խաղ կանցկացնի Մակեդոնիայի հետ: Հուսանք, որ գոնե եկող շաբաթ Հայաստանի հավաքականը կունենա գլխավոր մարզիչ: Ցանկալի է, որ դա լինի Ջիանի դե Բիազին:





































