Nokia ընկերությունը Windows Phone 8 ՕՀ-ով Lumia սմարթֆոնների համար թողարկել է ֆիրմային թարմացում, որը կրում է Lumia Black անվանումը: ՕՀ-ն տեղադրելուց հետո օգտատերերը կստանան աշխատանքային սեղանին թղթապանակներ ստեղծելու հնարավորություն: Այնտեղ նրանք կարող են տեղավորել հավելվածների կոճակներն ու կարգավորումները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Հավելվածների թղթապանակ» (App Folder) հավելվածն արդեն հասանելի է Microsoft-ի առցանց խանութում: Այն անվճար է:
Թարմացումը նաև բարելավում է տեսախցիկի աշխատանքը, Lumia 1020-ում ավելացնում աշխատանքի հնարավորությունը DNG ֆոտոձևաչափի հետ և արդիականացնում արգելափակման էկրանը. դրա վրա պատկերվում են ավելի շատ ծանուցումներ:
Թարմացումը կարող են սկզբում ստանալ Lumia 1020 և Lumia 925 սմարթֆոնների տերերը: Windows Phone 8 համակարգով այլ Lumia սարքերի տերերը այն կստանան ավելի ուշ:








































