Ճապոնիայում ավելի քան 1700 մարդ է թունավորվել սառեցված մթերքներից, որոնցում միջատասպան նյութ էր հայտնվել: Այս մասին հայտնում է կենտրոնական NHK հեռուստաալիքը:
Տուժածների մոտ նկատվում են թեթև թունավորման ախտանշաններ՝ սրտխառնոց և փորլուծություն: Նրանք բոլորը վերջին օրերին օգտագործել են տեղական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Maruha Nichiro Holdings Inc-ի արտադրության կիսաֆաբրիկատներ:
Դեկտեմբերի վերջին արտադրողը որոշում էր ընդունել ավելի քան 6.4 մլն սննդային փաթեթներ հետ կանչելու մասին այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ բողոքներ էր ստացել գնորդներից, թե փաթեթների պարունակությունից մեքենայի յուղի կամ բենզինի հոտ է գալիս:
Ընկերությանը հաջողվել է պարզել, որ բոլոր կասկածելի ապրանքներն արտադրվել են Գումմա պրեֆեկտուրայի նույն գործարանում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ դեռևս չպարզված պատճառով մթերքներում հայտնվել է կարբոֆոս նյութը, որը կիրառվում է գյուղատնտեսության մեջ վնասատու միջատների դեմ պայքարի համար:
Ընկերությունը ներողություն է խնդրել գնորդներից տեղի ունեցածի համար: Ներկայում ընկերության ներկայացուցիչներն ու իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչպես է միջատասպան նյութը հայտնվել սննդի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում: Քննությունը հիմք ունի ենթադրելու, որ ինչ-որ մեկը կարող է միջատասպան նյութը մթերքում ավելացրած լինել միտումնավոր:










































