ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին հայտարարել է, որ Վաշինգտոնն իրավունք ունի պատժելու երկրներին «ոչ քաղաքակիրթ» վարքի համար։ Այս մասին նա ասել է իր ռուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Նովակի հետ հանդիպումից հետո։
«ԱՄՆ–ն իրավունք ունի ահազանգ հնչեցնել այն երկրներին, որոնք իրենց որպես համաշխարհային հանրության քաղաքակիրթ անդամ չեն պահում, որ նրանք պատժվելու են։ Կան բազմաթիվ միջոցներ դա անելու։ Էներգետիկ ոլորտը դրանցից մեկն է»,– հայտարարել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի փորձերը՝ էմբարգո մտցնել Իրանից նավթի արտահանման վրա և միևնույն ժամանակ Մոսկվայի հասցեին արված քննադատությունները՝ էներգետիկան որպես երրորդ երկրներին ճնշելու միջոց օգտագործելու համար։ Սեպտեմբերի 13-ին Փերին հաստատել է, որ Վաշինգտոնը նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի էներգետիկ սեկտորի վրա, ինչպես նաև «Հյուսիսային հոսք–2» գազամուղի դեմ։









































