«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Օրվա ամփոփիչ հանրահավաքում դարձյալ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն այսօր միանգամայն այլ են եղել Նիկոլ Փաշինյանի ելույթի կառուցվածքը, շեշտադրումները։
Վարչապետը շեշտը դրել է իրենց թեկնածուի՝ Հայկ Մարությանի կերպարի ներկայացման վրա՝ դուրս գալով «սև-սպիտակ»-ի, հեղափոխության և հակահեղափոխության տրամաբանությունից։ Այս իմասռտով՝ «Իմ քայլը» դաշինքի այսօրվա հանրահավաքը տեղավորվել է դասական ընտրարշավի տրմաբանության մեջ։
Նիկոլ Փաշինյանը հեղափոխության, իր թիմի առաջնորդն է ու, անշուշտ, նրա իրավունքն է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավին ակտիվ մասնակցությունը, մանավանդ՝ դա տեղի է ունենում օրենսդրության շրջանակներում։
Այնուամենայնիվ, մի փոքր անհասկանալի է, որ «Իմ քայլը» դաշինքի, ըստ էության, միակ հրապարակային կերպարն այս ընտրություններում դարձել է Նիկոլ Փաշինյանը՝ ստվերում թողնելով անգամ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, որի հաջողությունների մասին այսօր այնքան պատկերավոր ու համոզիչ խոսել է վարչապետը։ Արդյո՞ք Փաշինյանը կարծում է, որ իր գործոնից դուրս կասկածելի է դաշինքի հաղթանակը քաղաքային ընտրություններում, թե՞ խնդիր է դրել տոտոալ վերահսկողություն հաստատել իշախանության, այդ թվում՝ քաղաքապետարանի հանդեպ։ Դատելով վարչապետի վերջին օրերի ելույթների տրամաբանությունից՝ հենց երկրորդ խնդիրն է լուծում երկրի ղեկավարը, որովհետև «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի համար բավարար էր անգամ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցիացիան, ինչն արդեն տեղի էր ունեցել, անգամ՝ միավորման համար հեղափոխության հետ նույնացող բրենդային անուն ընտրելու պարագայում։
Երկրորդ վարկածի պարագայում էլ առաջանում են այլ հարցեր, որոնք առնչվում են ընտրությունների, քաղաքային ապագա իշխանության որակին, որովհետև «սև-սպիտակ»-ի կամ հակահեղափոխության ռևանշի թեման ակտուալ չի լինելու արդեն ամիսներ անց, սակայն հասարակությունը հենց այդ տրամաբանությամբ է ընտրելու Երևանի ավագանի, քաղաքային իշխանություն, որի գործունեության մանդատը չորս տարի է ու բնավ էլ՝ ոչ հակահեղափոխությունը կանխելու առաքելությամբ։
Սկզբունքորեն ինչքանո՞վ է ճիշտ հետհեղափոխական Հայաստանում գործադիր իշխանության ղեկավարի նման ուղղակի միջամտությունը մունիցիպալ ընտրություններին, մանավանդ, երբ անցած քսան տարիներին մենք տեսել ենք դրա հետևանքները, որոնք, ի վերջո, հանգեցրել են իշխանության բրգաձև կառուցի ստեղծմանը, ինչը որևէ լավ բան չի խոստանում զարգացման տեսանկյունից։
Այս համատեսքտում քարոզարշավի երրոդ օրը ծրագրային ելույթ է ունեցել «Լույս» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Արամ Սարգսյանը, որը Աջափնյակում տեղի ունեցած հանրահավաքում հակադարձել է Նիկոլ Փաշինյանի անցած օրերի ելույթներին՝ սկզնբունքորեն մերժելով «սև-սպիտակ»-ի տրամաբանությունը։
Արամ Սարգսյանն ասել է, որ ինքը չի ընդունում այն մոտեցումը, թե «Իմ քայլը» դաշինքին չընտրողները հակահեղափոխական են։ «Չկա հակահեղափոխություն։ Ֆանտաստիկայի ժանրից է, թե Արտակ Զեյնալյանի հաղթանակը կարող է հեշտացնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը»,- նշել է Արամ Սարգսյանը։
Դժվար է չհամաձայնել Արամ Սարգսյանի հետ, որովհետև Երևանի ընտրությունների մասնակիցների ցանկն, ըստ էության, փակում է հակահեղափոխական ռևանշի ճանապարհը․ նման օրակարգ առաջիկա ընտրություններում չկա։ Իսկ եթե նույնիսկ շատ իրական համարենք հակահեղափոխության հեռանկարը, ապա որևէ մեկը չի կարող համոզիչ բացատրություն բերել, թե Փաշինյանի դաշինքի տոտալ հաղթանակը քաղաքային ընտրություններում ինչով է փակում ռեստավրացիայի կողմնակիցների ճանապարհը, մանավանդ, որ նրանց հաջողության բանալին ամենևին էլ քաղաքական լեգալ գործիքներն ու ինստիտուտները չեն։
Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ատելության ֆոնի վրա հանրային մոբիլիզացիա ապահովել՝ ավագանու առաջիկա ընտրություններում 80-90% ստանալու համար, շատ փոքր խնդիր է, սահմանափակ օրակարգ, ինչը չի լուծում հեղափոխության ինստիտուցիոնալիզացիայի խնդիրը։
Հեղախոխությունը բովանդակային հարթության վրա կարող է հաղթանակ տանել, եթե Երևանի ավագանու և խորհրդարանի ընտրություններում ներդրվի օրինական ընտրությունների մոդելը և ֆորմալիզացվի քաղաքական բազմազանության ինստիտուտը։
Առաջին հարցում կասկածներ գոյություն չունեն․ ակնհայտորեն կառավարությունն օրինական ընտրությունների անցկացման հիմնական շահառուներից մեկն է։ Սակայն նույն պնդումը չենք կարող անել քաղաքական բազմազնության մոդելի մասով, որովհետև Նիկոլ Փաշինյանի հռչակած «սև-սպիտակ»-ի բանաձն, ըստ էության, ոչնչացնում է մրցկցային ընտրությունների հնարավորությունը՝ միաբևեռ քաղաքական համակարգ ձևավորելու հեռանկարով։
Հայաստանում հակահեղափոխության ուղղակի ռևանշի հեռանկար գոյություն չունի՝ Ռոբերտ Քոչարյանի կամ ՀՀԿ-ի դեմքով։ Դա իսկապես գրեթե ֆանտաստիկայի ոլորտից է, եթե, իհարկե, ռեստավրացիայի ձգտումը չունենա արտաքին բացահայտ աջակցություն։ Որպես կանոն, համաշխարհային պատմության ընթացքում հակահեղափոխականները հաջողության են հասել միայն արտաքին աջակցության շնորհիվ։
Սակայն հակահեղափոխությունը կարող է հաղթել անուղղակիորեն, եթե ամիսներ անց նկատենք, որ Հայաստանի մինչհեղափոխական ու հետհեղափոխական քաղաքական համակարգերի որակը նույնն է՝ միաբևեռ առանցքով, ինչը վաղ թե ուշ վերածնելու է կառավարման ավտորիտար մշակույթը՝ «արտոնյալների էլիտայով»։









































