Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններն ԱՄՆ-ի համար ընդհանուր առմամբ ավելի քան 1․5 տրիլիոն դոլար են արժեցել։ Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնը։
«2001-ի սեպտեմբերի 11-ից ի վեր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատերազմների հետ կապված ծախսերի համար 1․501 տրիլիոն դոլար է հատկացրել»,-ասվում է Պենտագոնի զեկույցում։ Տեղեկատվությունն ընդգրկում է մինչև այս տարվա մարտն ընկած ժամանակահատվածը։

Ըստ դրա՝ ամենաշատ միջոցները ծախսվել են Իրաքում պատերազմի վրա՝ շուրջ 731 մլրդ դոլար կամ ընդհանուր գումարի 49 տոկոսը։ Դրան է հետևում Աֆղանստանում պատերազմը՝ 584․3 մլրդ դոլար (39 տոկոս)։ Աֆղանստանում գործողության վրա՝ դրա ներկա ձևով, 134․3 մլրդ դոլար է ծախսվել։ Ամենաքիչը միջոցներ հատկացվել են Սիրիայում արշավի համար՝ շուրջ 23․5 մլրդ դոլար։
Աֆղանստանում պատերազմը սկսվել է 2001-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ զինված ուժերի համար դառնալով պատմության մեջ ամենաերկարատև պատերազմը։










































